Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀՆՉՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԴԵՊՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

25.10.2019թ. ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի կողմից տեղեկատվություն էր ստացվել նույն շրջանի Վազգենաշեն համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու կողմից Արցախի հերոսների նկարները պարունակող ցուցանակի վրա անպարկեշտ գրառումներ կատարելու վերաբերյալ:

Հիշյալ դեպքի կապակցությամբ կատարված ստուգման արդյունքում, հաղորդումն ընթացքավորող հետաքննության մարմնի՝ ԱՀ ոստիկանության Մարտունու շրջբաժնի աշխատակցի կողմից, 20.11.2019թ. որոշում էր կայացվել ԱՀ քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածով (Վանդալիզմը) նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու համար հիշյալ որոշումը ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանված կարգով հետաքննության մարմնի կողմից ուղարկվել էր ԱՀ Մարտունու շրջանի դատախազություն: Մինչդատական քրեական վարույթի օրինականությունն ապահովելու սահմանադրական գործառույթի իրացման շրջանակում Մարտունու շրջանի դատախազության դատախազի կողմից 29.11.2019թ. որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և ԱՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով (Մանկավարժի կամ ուսումնական հաստատության այլ աշխատողների կողմից երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) և 271-րդ հոդվածով (Վանդալիզմը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

Նույն օրը քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: