Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿԱՆՔ` ՉՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Անցյալ տարեվերջին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, մտահոգություն հայտնելով տնտեսվարող սուբյեկտների կողմից չձևակերպված վարձու աշխատողներ պահելու դեպքերի առնչությամբ, ինչպես նաև հետագայում նման արատավոր երևույթները բացառելու նպատակով, երկրի ղեկավարը հանձնարարել է գործուն միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: Այնուհետև, 2013թ. փետրվարի 16-ին, ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստում Նախագահը կրկին անգամ անդրադարձել է խնդրո առարկային` տվյալ կապակցությամբ տալով համապատասխան հանձնարարականներ:
Ի կատարումն այդ հանձնարարականների, նման բնույթի խախտումները բացահայտելու և  օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք տալու նպատակով, ԼՂՀ դատախազության կողմից տարվել է հետևողական աշխատանք:
Մասնավորապես, ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների  գործերով   բաժին   մուտքագրված` Ֆենյա Հարությունյանի դիմումի շուրջ իրականացված ստուգումների արդյունքում, «ԱՆՏ» ՍՊ ընկերությունում արձանագրվել է թվով 10  չձևակերպված վարձու աշխատող:
Նշված ընկերությունում չձևակերպված վարձու աշխատողներ պահելու մասով չկատարված հարկային պարտավորությունների հաշվարկման համար համապաատասխան հանձնարարություն է տրվել ԼՂՀ  ԿԱ հարկային պետական ծառայությանը:
ԼՂՀ ԿԱ ՀՊԾ-ից ստացված թիվ 1/8-1041 առ 02.07.2013թ. գրության համաձայն՝  չձևակերպված վարձու աշխատողներ պահելու մասով ընկերության տնօրեն Ա. Սահակյանը ՎԻՎ օրենսգրքի 1695-րդ  հոդվածի կարգով  ենթարկվել է վարչական պատասխանատվության՝  750.0 հազ. դրամի չափով:
Տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված ստուգումների արդյունքում լրացուցիչ հաշվարկվել է 1350.5 հազ. դրամ չկատարված  հարկային պարտավորություններ, որից հարկեր կամ պարտադիր այլ վճարներ՝  1000.1 հազ. դրամ, տուգանք՝  240.1 հազ. դրամ, տույժ՝ 110.3 հազ. դրամ:
Հաշվարկված և վճարման ենթակա հարկային պարտավորությունները, ինչպես նաև   նշանակված վարչական տուգանքի գումարը նշված ընկերության տնօրեն Ա. Սահակյանի կողմից վճարվել է:
Նմանատիպ ստուգումներ ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների  գործերով   բաժնի կողմից   իրականացվում են նաև մեկ այլ օբյեկտում:

 

ԼՂՀ  գլխավոր դատախազության կոռուպցիոն,
կազմակերպված, սեփականության
և տնտեսական գործունեության  դեմ ուղղված
հանցագործությունների  գործերով  բաժին