Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ. ՈՉ ԹԵ ԳՈՐԾԱՐՔ, ԱՅԼ` ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի կողմից ուսումնասիրվել են 2009-2011թթ. ընկած ժամանակահատվածում ԼՂՀ-ում արձանագրված վաշխառության դեպքերը և քաղաքացիների կողմից ներկայացված հաղորդումները, որի ընթացքում պարզվել են հետևյալ օրինաչափությունները.
    1/ եթե կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի ամսեկան հաշվարկային դրույքը տատանվում է 2 տոկոսի շրջակայքում, ապա հարուցված քրեական գործերում և ներկայացված հաղորդումներում խոսք է գնացել 10 և ավելի տոկոսի մասին.
    2/ արձանագրված դեպքերի ու հաղորդումների գերակշռող մասում պարտքով գումար ստացողը չի վիճարկել կամ քննարկել ամսեկան տոկոսի չափը.
    3/ վաշխառության մասին տեղյակ են սահմանափակ թվով անձինք, հաճախ դրանք հավասարաչափ բաժանվում են երկու կողմերի` <տուժող> և <վաշխառու>.
    4 / գրեթե յուրաքանչյուր դեպքում<ՙտուժողների> կողմից խոսվել է ստացականների, տոկոսների վճարման մասին ստորագրությամբ փաստագրված փաստաթղթերի մասին, սակայն դրանք մշտապես պահվել են <վաշխառուի> մոտ և ստուգման ընթացքում հիմնականում չեն հայտնաբերվել.
    5/ հաղորդում ներկայացնելու հիմնական պատճառները կամ <վաշխառուի> կողմից մայր գումարը և տոկոսները վճարելու մասին պարբերական պահանջներն են կամ մայր գումարի և հաշվարկված տոկոսների ընդհանուր թիվը <տուժողից> բռնագանձելու պահանջով <վաշխառուի> կողմից դատարան ներկայացված քաղաքացիական հայցը.
Կատարված վերլուծությամբ պարզվել է, որ <տուժող> կողմի համար պարտքով գումար ստանալը մշտապես նպատակ է հետապնդել բավարարել հանկարծակի ծագած ֆինանսական միջոցների պահանջարկը: Այդ է պատճառը, որ <վաշխառուի> կողմից առաջարկվող տոկոսադրույքը ընդհանրապես չի հետաքրքրել <տուժողին>: Այդպիսի վիճակը ձեռնտու է նաև <վաշխառուին>, ով անաշխատ եկամուտ է ստանում` ժամանակի բնական հոսքի ու պայմանավորված տոկոսադրույքի գործադրմամբ:
Առաջնահերթ խնդիրը, որ ծագում է իրավապահ մարմինների առաջ, վաշխառության փաստի հաստատումը և ապացուցումն է: Երբ մի կողմը գիտակցաբար թույլ է տալիս հանցավոր արարք, նրան ավելորդ ականատեսներ և այլ ապացույցներ պետք չեն ու նա ինքնըստինքյան ընդունում է պահանջատերի ու թելադրողի կեցվածք, իսկ <տուժող> կողմը իր պահանջմունքը բավարարելու համար հեշտությամբ տրվում է այդ գաղտնի գործարքի թելադրված պահանջներին: Եթե հասարակության շրջանում տարածված են վաշխառության դեպքերի վերաբերյալ ասեկոսությունները, դա դեռևս չի վկայում այդպիսի դեպքերի անհատական դրսևորումների բացահայտության մասին: Շատ հաճախ իրավապահ մարմինների համար մեծ դժվարություն է ներկայացնում ապացուցել այդ խիստ սահմանափակ անձանց շրջանակում և կոնֆիդենցիալ պայմաններում բանավոր պայմանավորվածությամբ կատարված հանցավոր <գործարքի> իսկությունը: Պատահական չէ, որ եռամյա ժամանակահատվածում վաշխառության փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից հարուցվել է ընդամենը 4 քրեական գործ, այն դեպքում, երբ վաշխառության վերաբերյալ ներկայացված հաղորդումների թիվը գերազանցել է 50-ը: Իրավիճակը հատկապես բարդանում է այն պայմաններում, երբ <տուժող> կողմը դեպքի մասին հայտնում է ամիսներ կամ, առանձին դեպքերում տարիներ անց: Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, երբ մի կողմում վաշխառության մասին գոչող <տուժողն> է, մյուս կողմում` բոլոր հայտարարությունները հերքող բարեխիղճ ներկայացող <վաշխառուն>: ԼՂՀ քրեական դատավարության օրենգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է: Այդ պարագայում ապացույցների անբավարարությունը  քրեական հետապնդումը բացառող հանգամանք է և որքան էլ <տուժողը> պնդի հակառակը, դա չի կարող հիմք ծառայել անձին մեղադրանք առաջադրելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Ուսումնասիրելով հարուցված քրեական գործերն ու վաշխառությունից տուժելու մասին հաղորդումները, պարզվել է, որ բոլոր դեպքերում <տուժողները>հայտնվել էին սոցիալապես ծանր կացության մեջ, չվճարված տոկոսագումարները հաշվարկվել ու գումարվել էին մայր գումարին և առանձին դեպքերում տոկոսագումարի թիվը գերազանցել էր մայր գումարը: Նման իրավիճակում <տուժողի> համար ոչ կարող է խոսք լինել այդ հանցավոր գործարքի արդյունավետության ու շահավետության մասին, ոչ դրա բարոյականության ու օրինականության մասին: <Տուժողի> վիճակը ավելի է բարդանում այն դեպքում, երբ վաշխառության փաստը ԼՂՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով չի հաստատվում, <վաշխառուի> կողմից դատարան ներկայացված հայցը ԼՂՀ քաղաքացիա-դատավարական նորմերի ուժով բավարարվում է և, այսպես ասած, հանցավոր գործարքի պտուղներն օրինականացվում են: Դատական ակտը ինքնին <վաշխառուի> և <տուժողի> միջև լարված հարաբերություն է ձևավորում և հանցագործություն ծնող պայման հանդիսանում: Եվ արդյունքում, եթե իրականում վաշխառություն տեղի է ունեցել, <տուժող>՚ իրեն համարում է անպաշտպան, իսկ <վաշխառուն> իրեն զգում է սանձարձակության և անպատժելիության մթնոլորտում:
2009-2011թթ. դատախազա-քննչական պրակտիկան ցույց  է տվել, որ վաշխառության` որպես հանցագործության և որպես երևույթի մասին բնակչության պատկերացումները միատեսակ չեն: Ոմանք քաջ գիտակցում են դրա հանցավոր լինելու մասին, իսկ որոշների մոտ այն միայն շահավետ գործարք է հիշեցնում: <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի աշխատակիցների կողմից յուրացումներ կատարելու փաստի առթիվ հարուցված և ԼՂՀ ԿԱ Ոստիկանության քննչական վարչության կողմից քննված քրեական գործի նախաքննության շրջանակում պարզվել էր տասից ավելի դեպք, երբ քաղաքացիները բանկային տոկոսի կրկնապատիկը գերազանցող չափերով գումար էին տվել գործով մեղադրյալներին և այդ մասին գրավոր դիմում ներկայացրել իրավապահ մարմիններին` խնդրելով աջակցել ստանալ մայր գումարն ու տոկոսները: Հիշյալ դեպքերով այդ քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել դիմողի բողոքի բացակայության հիմքով, բայց այնուամենայնիվ այդ երևույթը գոյություն ունի և շարունակում է իր չարաբաստիկ ազդեցությունը տարածել մեր հասարակության շրջանում: Հատկանշական է, որ վաշխառության փաստի առթիվ հարուցված քրեական գործերից միայն մեկ դեպքում է հանցանք կատարած անձը ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ մնացած դեպքերում, որպես մասնավոր մեղադրանքի գործեր, քրեական գործի վարույթը կարճվել է տուժողի կողմից ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:
Վերը ներկայացված ուսումնասիրության արդյունքներն էլ հիմք ընդունելով կոչ ենք անում մեր ազգաբնակչությանը քաղաքացիա-իրավական բնույթի ցանկացած գործարք կնքելիս ցուցաբերել բացարձակ զգոնություն և ուշիմություն, ողջամտորեն գնահատել գործարքի արդյունավետությունն ու առաջադրված պայմաններն իրագործելու իրական հնարավորությունը,  հանկարծակի ծագած անհրաժեշտության պայմաններում չդիմել ֆինանսական ծայրահեղությունների հասնող հանցավոր գործարքներիª քաջ գիտակցելով դրա հետևանքների սոցիալական վտանգավորությունը, բացառապես շահախնդրության և անաշխատ եկամտաբերության ձգտումներով չապավինել հանցավոր արարքների և մեր հասարակությանը ոչ հարիր արատավոր երևույթների:

     
ԳՈՒՐԳԵՆ   ՆԵՐՍԻՍՅԱՆ
ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն,
 կազմակերպված, սեփականության
 և տնտեսական գործունեության դեմ ուղղված
 հանցագործությունների գործերով բաժնի դատախազ

 <Ազատ Արցախ>, N 80 /2800/, 10.07.2012թ.