Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌԵԼ Է ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՆՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍ

ԱՀ Քաշաթաղի  շրջանի դատախազությունում վերանայելով  նույն շրջանի  Աղանուս  համանքի  ղեկավար Ս. Աբրահամյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել են, որ Գրիգոր Դալլաքյանը, շահադիտական դրդումներից ելնելով, խաբեության եղանակով, պետական դրամական միջոցները հափշտակելու նպատակով, 2016թ. հուլիսի 17-ին ներկայացել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարարության  աշխատակազմի Քաշաթաղի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն, որտեղ թաքցնելով  28.06.2016թ. ծնված և շուրջ 7 ժամ անց մահացած իր չորրորդ երեխայի մահվան հանգամանքը,  դիմել է նույն երեխայի համար պետական նպաստ  նշանակելու համար: Այնուհետև, ներկայացնելով ու օգտագործելով նախապես կեղծված և ձեռք բերված` Աղանուս համայնքի ղեկավարի տեղեկանքները չորս երեխայից բաղկացած ընտանիքի կազմի մասին,  Մարիամ Դալլաքյանի անվամբ ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքը, ինչպես նաև գրավոր  դիմում չորրորդ երեխայի համար պետական նպաստ ստանալու վերաբերյալ,  2016թ. օգոստոս ամսից  մինչև 2018թ. մայիս ամիսը  ներառյալ, չորրորդ երեխայի համար  իբրև մինչև երկու տարեկան  երեխայի  խնամքի նպաստ յուրաքանչյու ամիս ստացել է 15.000 դրամ, իսկ որպես  բազմազավակության նպաստ` 9000 դրամ, ընդհանուր առմամբ` 528.000  դրամ  գումար, պետությանը պատճառելով  խոշոր չափերի հասնող  գույքային վնաս:

Նկատի ունենալով,  որ նկարագրված դեպքն  իր մեջ առերևույթ պարունակում է  ԱՀ քրեական օրենսգրքի  184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 345-րդ հոդվածի 1-ին  մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, հարուցվել է քրեական գործ:  Տարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: