Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱՑ ՆԱՄԱԿԻՆ

ՀՀ ԳԽ առաջին գումարման և ԱՀ ԱԺ երրորդ, չորրորդ, հինգերորդ գումարումների պատգամավոր Վահրամ Աթանեսյանը <Հրապարակ> թերթում բաց նամակ է հղել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին (տես` https://hraparak.am/post/60898305), որում, մասնավորապես, մտահոգություն է հայտնել  այն բանի առնչությամբ, որ ոստիկանության քննչական բաժնում Մարտակերտի շրջանի Առաջաձորի միջնակարգ դպրոցի տնօրենի նկատմամբ նախապատրաստվում են նյութեր և <գործը կարող է ուղարկվել դատարան>: Այս շեշտմամբ` նամակի հեղինակը միաժամանակ գրում է.  <Մի՞թե անկախ Արցախի Հանրապետությունում վերադարձել են այն ժամանակներին, երբ մեկ անձի, ընդ որում՝ ուղղորդված և կանխակալ, ցուցմունքը բավական էր մարդուն պատասխանատվության ենթարկելու համար: Այսպե՞ս է դատախազությունը  պահպանում օրինականությունը>:

Քանի որ հարցադրումը հրապարակային է և ստույգ հասցեավորված, ուստի ԱՀ դատախազությունը հարկ է համարում արձագանքել դրան:

Նկատի առնելով, որ բարձրաձայնված դեպքը մասամբ վերաբերում է հարգարժան նախկին պատգամավորի հարազատ քրոջը` Առաջաձորի <Ա.Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց> ՊՈԱԿ-ի տնօրեն Նելլի Աթանեսյանին, այս համատեքստում դատախազությունը ըմբռնումով է մոտենում պարոն Աթանեսյանի մտահոգությանը: Այդուհանդերձ, կարևոր ենք համարում նաև նշել, որ պաշտոնեական կեղծիքի ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները` ապահովելու համար, ինչպես պարոն Աթանեսյանն է իր բաց նամակում հատկանշել` մինչդատական վարույթի անաչառությունն ու համակողմանիությունը: Տարված նախաքննության արդյունքում թե’ տնօրենը, և թե’ նրա տեղակալ Մխիթար Սողոմոնյանը գործուն զղջացել են կատարած արարքի համար և վերականգնել պետությանը պատճառված 564.000 (հինգ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամը: Նախաքննական մարմնի կողմից հիշյալ պաշտոնատար անձանց  19.06.2019թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով (Պաշտոնեական կեղծիքը) և 322-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով, սակայն, հաշվի առնելով վերջիններիս կողմից գործուն զղջալը և վնասը վերականգնելը, հարուցված քրեական գործի վարույթը ոչ արդարացման հիմքով կարճվել է:

Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող դատախազը օրինական է ճանաչել քրեական գործ հարուցելու, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումները, իսկ քրեական գործի վարույթը 21.06.2019թ. կարճվել է հսկող դատախազի համաձայնությամբ: