Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՊՈԿԵԼԸ, ՊԱՏՌԵԼԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ

Թեև Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն տարածել է քարոզչանյութերի օգտագործման կարգի մասին տեղեկատվություն, այդուհանդերձ մեկ անգամ ևս ցանկանում ենք հիշեցնել հետևյալը.
ԱՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի (Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգը) համաձայն՝
«Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուներն իրավունք ունեն անարգել տարածելու քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր:
Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`
1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա.
2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:
Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են Հանրապետության նախագահի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի համապատասխան թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող համապատասխան կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից:
Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր:
Արգելվում է քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը:
Ընտրական օրենսգրքի հիշյալ հոդվածի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ»:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.11-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսվում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելու, պատռելու կամ դրանց վրա գրառումներ կատարելու համար: Հիշյալ զանցանքի համար որպես պատիժ նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: