Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՅՈՒՐԱՑՄԱՆ ԵՎ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԵՐՈՎ ՔՐԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում ավարտվել է թիվ 122005.17 քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ 06.04.2018թ. ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Գործի քննությամբ պարզվել է, որ Գենադի Գաբրիելյանը զբաղեցնելով ԱՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ստեփանակերտ-Ասկերան տարածքային բաժնի հարկադիր կատարողի պաշտոնը, կոչումով արդարադատության կապիտան, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կողմից հարուցված թիվ 3-1102/14 կատարողական վարույթով, 2014-2016թթ. ընթացքում, պարտապան՝ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչ Արման Մկրտչյանից, պահանջատեր Գևորգ Սառիկյանին վճարելու նպատակով պարբերաբար ստացած և իրեն վստահված ընդհանուր հաշվով 1.320.000 դրամից 950.000 դրամը յուրացնելով, ծախսել է անձնական կարիքների համար`  խոշոր չափով գույքային վնաս պատճառելով Գ.Սառիկյանին:

Բացի այդ,  նա ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա, որպես հայցի ապահովման միջոց պատասխանող, Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Արամ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական և անշարժ գույքի վրա հայցագնի՝ 7.200.000 դրամի չափով արգելանք դնելու մասին, 2015թ. նոյեմբերի 13-ին իր կողմից հարուցված թիվ 3-4884/15 կատարողական վարույթով, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015թ. նոյեմբեր ամսում պարտապան Արամ Գրիգորյանից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով, իբր կատարողական գործողությունների ծախս բռնագանձելու պատրվակով, պահանջել և ստացել է 260.000 դրամ և ծախսել անձնական կարիքների համար` իր գործողություններով զգալի չափով գույքային վնաս պատճառելով Ա.Գրիգորյանին:

Նախաքննության արդյունքներով, Գենադի Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: