Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԻ ՔԱՆԻ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Անահիտ Մելքումյանը 2015-2018թթ. աշխատելով <Ասկերանի շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություն> ՊՈԱԿ-ի  գլխավոր հաշվապահի հաստիքում, հանդիսանալով վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ,  2015թ. հունիս ամսից  մինչև 2018թ. մայիս ամիսը <Ասկերանի շրջանի պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրինություն> ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գործող դպրոցների աշխատողների եկամուտներից հաշվարկվող և հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով հարկման հիմք հանդիսացող ամենամսյա եկամտային հարկի ամփոփ հաշվետվություններում աշխատողների թվի և նպաստների չափի վերաբերյալ ակնհայտ կեղծ տվյալներ է ներկայացրել հարկային մարմին և այդ կերպ եկամտային հարկի նվազեցման տեսքով ստեղծելով, նախնական հաշվարկներով, 9.074.987 ՀՀ դրամ <ավելցուկ գումար>, որից 3.488.940 ՀՀ դրամ գումարը աշխատավարձի տեսքով ավել վճարել է Ասկերանի շրջանի տարբեր դպրոցների մի շարք աշխատակիցների, իսկ 5.586.047 ՀՀ դրամ գումարը նույն կազմակերպության հաշվապահներ Սվետլանա Գաբրիելյանի և Քրիստինե Հայրապետյանի հետ, խմբով, կազմակերպության բանկային հաշվից փոխանցել է իրենց քարտային հաշիվներին ու կանխիկացման եղանակով հափշտակել:

Բացի այդ, Անահիտ Մելքումյանը 2016-2017թթ. ընթացքում Ասկերանի շրջանի առաջին դասարան հաճախող աշակերտների թվաքանակի՝ նախնական հաշվարկվածի համեմատությամբ փոփոխության ենթարկվելու արդյունքում,  չվճարված և իրեն վստահված միանվագ օգնության մնացորդ գումարից 1.100.000 ՀՀ դրամ գումարը դրամարկղից պարբերաբար, կեղծ ելքագրումների եղանակով, կանխիկացրել և   հափշտակել է:

Վերոհիշյալ փաստերով, ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, 12.06.2019թ. հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

Նախաքննության նկատմամբ դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների  գործերով բաժինը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: