Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ ԲԱՐՁՐԱՑԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ի կատարումն ԱՀ գլխավոր դատախազության 2020թ. առաջին կիսամյակի աշխատանքային ծրագրի 10-րդ կետի պահանջների, սույն թվականի ապրիլ ամսում դատախազության կողմից ուսումնասիրվել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում, քննչական մեկուսարանում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելանքի տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը, վեր են հանվել այն խնդիրները, որոնք լուծելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, ԱՀ գործադիր իշխանության ու պատիժն ի կատար ածող մարմնի կողմից նոր մոտեցումներ:
Կատարված ուսումնասիրության արդյունքում ամփոփվել են այն աշխատանքները, որոնք առաջիկայում պետք է դիտարկվեն որպես պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման պետական գործառույթի արդյունավետության բարձրացման առաջնահերթ ուղղություններ:
Դրանք են՝
1. դատապարտյալների և կալանավորված անձանց բուժսպասարկման որակի բարձրացում և մատուցվող ծառայությունների ծավալի ընդլայնում,
2. արգելանքի տակ գտնվող անձանց իրավաբանական օգնության իրավունքի պատշաճ հասանելիության և որակի ապահովում,
3. դատապարտյալներին արգելանքի տակ պահելու գործընթացի օրինականության նկատմամբ հասարակական վերահսկողության մեխանիզմների սահմանում և հասարակական դիտորդների խմբի ձևավորում,
4. արգելանքի տակ գտնվող անձանց անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների, նրանց տրամադրվող հանդերձանքի և անկողնային պարագաների չափաբաժինների ու դրանց օգտագործման ժամկետների, սննդի օրական միջին չափաբաժինների, հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալի համար հավելյալ սննդի չափաբաժինների նորմավորում,
5. դատապարտյալներին վարձատրվող աշխատանքների ներգրավելու համար որոշակի աշխատանքային պայմանների ապահովում,
6. դատապարտյալի հիմնական և հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթությունը և մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար բավարար պայմանների ապահովում,
7. դատապարտյալի ազատ ժամանակը արդյունավետ տնօրինելու համար բավարար պայմաններով ապահովված գրադարանի, ընթերցարանի, մարզասրահի և ժամանցի այլ վայրերի ստեղծում,

8. պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի փոխելու գործընթացի իրավական որոշակիության և կանխատեսելիության ապահովում,

9. դատապարտյալների հետ տարվող աշխատանքների բարձր արդյունավետությունն ապահովելու համար պատժի կատարման վայրում հոգեբանի և բժշկի ներգրավում:
Վերոհիշյալ աշխատանքների լիարժեք իրացման գործում ԱՀ դատախազությունն ակնկալում է իրավասու պետական մարմինների արդյունավետ համագործակցությունը: