Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱԱՆ

ԱՀ Ֆինանսների նախարարության քննչական բաժնի կողմից 04.04.2018թ. հարուցվել է թիվ 331001.18 քրեական գործը՝ ԱՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշերով:


Քրեական գործով տարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 03.08.2018թ. Մ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ԱՀ Ֆինանսների նախարարության Մարտունի քաղաքի հարկային տեսչությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր, ունենալով ծավալած ձեռնարկատիրական գործունեության արդյունքում գոյացած շահույթը տնօրինելու հնարավորություն, 2010-2015թթ. ընկած ժամանակահատվածում ԱՀ Մարտունի և Ստեփանակերտ քաղաքներում ծավալած ձեռնարկատիրական գործունեության ընթացքում կուտակելով 2.480.500 ՀՀ դրամի և 06.08.2014թ. հարկային ստուգման արդյունքում առաջադրված 2.637.600 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները, տեղեկանալով իր կողմից պետական բյուջե չվճարված ընդհանուր 5.118.100 դրամը ԱՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բռնագանձելու նպատակով շարժական և անշարժ գույքի վրա արգելանք դնելու վտանգի մասին, սեփականության իրավունքով իրեն պատկանող «Ֆորդ» մակնիշի 30 ՍՍ 115 պետհամարանիշի և «Վազ 21214» մակնիշի 76 OM 777 պետհամարանիշի ավտոմեքենաների օտարման վերաբերյալ 03.11.2015թ. և 05.11.2015թ. Ստեփանակերտ քաղաքում կնքել է շինծու և կեղծ գործարքներ՝ այդ կերպ կատարելով սեփականատիրոջ անվանափոխություն, որից հետո «Վազ 21214» մակնիշի 76 OM 777 պետհամարանիշի ավտոմեքենան և «Ֆորդ» մակնիշի 30 ՍՍ 115 պետհամարանիշի ավտոմեքենայի հետ փաստացի փոխանակված «Մերսեդես Բենզ» մակնիշի ավտոմեքենաները վաճառել է 3.000.000 ՀՀ դրամով և ստացված գումարն օգտագործել իր անձնական նպատակներով՝ այդ կերպ անհնարին դարձնելով որպես պարտապան իր շարժական գույքերի բռնագանձումը և կանխամտածված ստեղծելով պետության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման անհնարինություն և սնանկության հատկանիշներ՝ այդպիսով Արցախի Հանրապետությանը պատճառելով 3.000.000 ՀՀ դրամի խոշոր չափի գույքային վնաս` կատարելով հանցավոր արարք, նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով:

Նախաքննության փուլում պետությանը պատճառված վնասից մեղադրյալի կողմից կամավոր վերականգնվել է 2.430.500 ՀՀ դրամը:

Քրեական գործը 28.09.2018թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Քրեական գործով հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացրել է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Քրեական գործի դատաքննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով