Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԱՀԱՑԵԼ Է ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Արման Հայրապետյանը հանդիսանալով ԱՀ ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի ավտոտեխնիկ-փորձագետ, կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ, գտնվելով 0,29 մգ/լ ալկոհոլային հարբածության վիճակում, 2016թ. հուլիսի 30-ին ժամը 20.00-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից Ստեփանակերտ վերադառնալիս` վարելով Ալեքսանդր Եսայանին պատկանող <Մերսեդես Բենս C230> մակնիշի, 88FF838 համարանիշի ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ԱՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի և ճանապարհային երթևեկության կանոնների 66-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, որի հետևանքով առաջացրել է ավտովթար:  Արդյունքում  ուղևոր Ալեքսանդր Եսայանը ստացել է  կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության <Հանրապետական բժշկական կենտրոն> ՓԲԸ, ապա Հայաստանի Հանրապետության <Էրեբունի> բժշկական կենտրոն ՓԲԸ, որտեղ էլ 2016թ. օգոստոսի 22-ին, ժամը 07.30-ին նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Նախաքննության ընթացքում Արման Հայրապետյանը 14.11.2016թ. ձերբակալվել է, իսկ 17.11.2016թ. նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով մարդուն անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրություն:

2017թ. մարտի 21-ի որոշմամբ Արման Հայրապետյանի արարքը վերաորակվել է ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով և 22.03.2017թ. նրան նոր մեղադրանք է առաջադրվել այդ հոդվածով, այսինքն` ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշով:

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից ավարտվել է սույն քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ ուղարկել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: