Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՄԱՀ Է ՊԱՏՃԱՌԵԼ

ԱՀ  գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից ավարտվել է թիվ 122005.18 քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ 23.07.2018թ. ուղարկվել  ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Գործի քննությամբ պարզվել է, որ Նվեր Բաղրյանը հանդիսանալով ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պահպանության գումարտակի բանկային համակարգի օբյեկտների պահպանության 3-րդ վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի ոստիկան, կոչումով ոստիկանության սերժանտ, 2018թ. հունիսի 13-ին, գտնվելով 0,38 մգ/լ ալկոհոլային հարբածության վիճակում, ժամը 00.05-ի սահմաններում վարելով իրեն պատկանող <Օպել Վեկտրա> մակնիշի, 35 CC 049 համարանիշի ավտոմեքենան, Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 66-րդ կետի և <ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին> ԱՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ մեքենան վարելով ոչ սթափ վիճակում, չի ընտրել այնպիսի արագություն, որը հնարավորություն կտար նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը, դուրս գալով ճանապարհահատվածի երթեկելի մասից` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից ու ստեղծելով վթարային իրավիճակ` աջ կողային մասով բախվել է ճամփեզրին առկա մետաղյա էլեկտրոսյանը, այնուհետև մոտ 30 մետր տարածություն անցնելով, առաջնային մասով բախվելով հողաթմբին, կանգ է առել: Դրա հետևանքով նրա առաջնային աջ նստատեղի ուղևոր, համածառայող՝ ԱՀ ոստիկանության ՊՊՎ պահպանության գումարտակի բանկային համակարգի օբյեկտների պահպանության 3-րդ վաշտի, 2-րդ դասակի, 3-րդ ջոկի ոստիկան, ոստիկանության ենթասպա Նորայր Պետրոսյանը ստանալով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ՝ գանգի հիմի ոսկրերի բաց կոտրվածքի, պարանոցային 2-3-րդ ողերի փակ կոտրվածքի, աջ նախաբազկի ոսկրերի, աջ ազդոսկրերի, վերին երրորդի և ստորին երրորդի աջ սրունքոսկրերի կոտրվածքների ձևով, տեղում մահացել: Նրա հետևի աջ նստատեղի ուղևոր, նույն վարչության պահպանության գումարտակի բանկային համակարգի օբյեկտների պահպանության 3-րդ վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Հովիկ Բաղրյանը ստանալով տևական քայքայումով առողջության միջին ծանրության վնաս՝ աջ ճաճանչոսկրի առանց տեղաշարժի կոտրվածքի, ձախ այտային շրջանի քերվածքի, աջ ոտնաթաթի այտուցվածության և արյունազեղման, երրորդ մատի եղնգային ֆալանգի քերվածքի, քթի այտուցվածության ձևով, տեղափոխվել է ԱՀ ԱՆ  <Մարտունու շրջանի բուժմիավորում>  ՓԲԸ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն:

Նախաքննության արդյունքներով, 2018թ. հուլիսի 12-ին Նվեր Բաղրյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով մարդուն անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: