Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ` ՅՈՒՐԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

<Էներգիա> ՍՊ ընկերության տնօրեն Գուրգեն Հայրապետյանը օժտված լինելով ընկերության գույքը տնօրինելու և ընկերության անունից գործելու լիազորությամբ, հիշյալ ընկերության մասնակից՝   <Ապագա>  ՍՊ ընկերության 50%  բաժնեմասով համահիմնադիր Ալիսա Ավանեսյանի հետ 2016թ. հուլիսի 7-ին կազմել են կեղծ արձանագրություն՝ <Էներգիա> ՍՊ ընկերության բոլոր մասնակիցների մասնակցությամբ կայացած ընդհանուր ժողովի միաձայն որոշմամբ Ստեփանակերտ քաղաքի Արեշ թաղամասի 1/2 հասցեում տեղակայված սարքավորումների սպասարկման կետը 4.000.000  /չորս միլիոն/  ՀՀ դրամով Էմմա Կարապետյանին վաճառելու մասին:

Այնուհետև,  Գուրգեն Հայրապետյանը  <Էներգիա> ՍՊ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կեղծ արձանագրության քաղվածքը  14.07.2016թ.  ներկայացրել է  Ստեփանակերտի նոտարական տարածքի թիվ 2 նոտարական գրասենյակ և օգտագործելով նշված քաղվածքը` ընկերության անունից 4.000.000 /չորս միլիոն/ ՀՀ դրամով Է. Կարապետյանին է վաճառել ընկերության սեփականություն հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Արեշ թաղամասի 1/2 հասցեում տեղակայված սարքավորումների սպասարկման կետը, որից հետո ստացված գումարը չմուտքագրելով ընկերության հաշվեկշիռ`  յուրացման եղանակով հափշտակել է:

Նշված փաստի առթիվ, ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, 20.01.2020թ. հարուցվել  է քրեական գործ:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ԿՍՏԳԴՈՒՀԳ բաժինը:      

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: