Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2012 թվականի 9 ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 287 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 25 դեպքով կամ 8,7 %-ով (2011թ. 9 ամիսներին գրանցվել էր 262 դեպք): 2012թ. 9 ամիսների ընթացքում արձանագրված հանցագործությունների 287 դեպքերից բացահայտվել են 228-ը, 32-ը չեն բացահայտվել, իսկ 27 հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը հաշվետու ժամանակահատվածի ավարտին դեռևս գտնվել են քննության փուլում: 2012 թվականի 9 ամիսներին արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 90,7 % (2011թ. 9 ամիսներին` 88,9%):

2012թ. 9 ամիսներին գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 5 դեպք (2011թ. 9 ամիսներին` 8)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 3 դեպքով: Արձանագրվել է ծանր հանցագործությունների 44 դեպք (2011թ. 9 ամիսներին ` 90)` նվազելով 46 դեպքով, որի թվաքանակում 23-ով նվազումը պայմանավորված է ԼՂՀ քրեական օրենսգրքի որոշ հոդվածների (ԼՂՀ քրեական օրեսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մաս` 19 դեպք, 178-րդ հոդվածի 2-րդ մաս` 4 դեպք) սանկցիաներում 2011թ. մայիսի 23-ին կատարված օրենսդրական փոփոխություններով (ՀՕ-143-Ն): Նույն ժամանակահատվածում արձանագրվել է միջին ծանրության հանցագործությունների 125 դեպք (2011թ. 9 ամիսներին` 63)` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 62 դեպքով, որի թվաքանակում 30-ով ավելացումը ԼՂՀ քրեական օրենսգրքի որոշ հոդվածների (ԼՂՀ քրեական օրեսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մաս` 19 դեպք, 178-րդ հոդվածի 2-րդ մաս` 4 դեպք, 314-րդ հոդված` 7 դեպք) սանկցիաներում 2011թ. մայիսի 23-ին կատարված օրենսդրական փոփոխությունների (ՀՕ-143-Ն) պատճառ է:
Միջին ծանրության հանցագործությունների շարժընթացում առանձնապես ավելացել են առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի պահելու, պետական գույքի յուրացման կամ վատնման, կաշառք ստանալու դեպքերի բացահայտումները: Աճել են մահ առաջացրած ճանապարհա-տրանսպորտային պատահարների դեպքերը:
2012թ. 9 ամիսներին ԼՂՀ տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 34 դեպք (2011թ. 9 ամիսներին` 34), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 69 դեպք (2011թ. 9 ամիսներին` 41), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 120 դեպք (2011թ. 9 ամիսներին` 138), այդ թվում 26-ը (2011թ. 9 ամիսներին` 28-ը) պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 94-ը (2011թ. 9 ամիսներին` 110-ը) անձնական գույքի հափշտակության դեպքեր, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցա•ործությունների 7 դեպք (2011թ. 9 ամիսներին` 10), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 40 դեպք (2011թ. 9 ամիսներին` 28):
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում հաշվետու ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշների վերլուծությունից դիտվում է, որ սպանության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 4-ով (2012թ. 9 ամիսներին` 1 դեպք, 2011թ. 9 ամիսներին` 5), իսկ սպանության փորձի դեպքեր չեն գրանցվել (2011թ. 9 ամիսներին` 1): 3 դեպքով նվազել են նաև սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2012թ. 9 ամիսներին` 7 դեպք, 2011թ. 9 ամիսներին` 10), բռնաբարության և դրա փորձի դեպքեր չեն արձանագրվել: Սակայն 3 դեպքով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 11, 2011թ. 9 ամիսներին` 8 դեպք): 5 դեպքով աճ է արձանագրվել մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում:
2012թ. 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԼՂՀ տարածքում 28 դեպքով կամ 40,6 %-ով ավելացել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները: Մասնավորապես, 3-ով աճել են ճանապարհա-տրանսպորտային պատահարների դեպքերը, որոնք առաջացրել են մահ (2012թ. 9 ամիսներին` 5, 2011թ. 9 ամիսներին` 2 դեպք): 6 դեպքով աճել են խուլիգանության դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 16, 2011թ. 9 ամիսներին` 10 դեպք), այդ թվում 2-ը կատարվել է զենքի գործադրմամբ: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արձանագրված խուլիգանությունների կատարմանը, հիմնականում, նպաստել են կենցաղային բնույթ կրող խնդիրների շուրջ կամ միջանձնային անբարյացակամ հարաբերություններից ելնելով առաջացած վիճաբանությունները, որոնք էլ վերաճել են հասարակական կարգի կոպիտ խախտումների և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների: 22 դեպքով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 34, 2011թ. 9 ամիսներին` 12 դեպք), այդ թվում 21-ով ավելացել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ապօրինի պահելու դեպքերի բացահայտումները, ինչը վկայում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և այդ նպատակով իրականացված համապատասխան միջոցառումների արդյունավետության մասին: Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր հաշվետու ժամանակահատվածում չեն արձանագրվել, թեև բացահայտվել են խոշոր /12 դեպք/ և առանձնապես խոշոր /1 դեպք/ չափերով թմրամիջոցներ ապօրինի պահելու դեպքեր: 6 դեպքով նվազել են հրազեն, ռազմամթերք պահելու կամ պատրաստելու դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 10, 2011թ. 9 ամիսներին` 16 դեպք):
2012 թվականի 9 ամիսների ընթացքում հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 18 դեպքով կամ 13%-ով (2012թ. 9 ամիսներին` 120, 2011թ. 9 ամիսներին` 138 դեպք): Մասնավորապես 2 դեպքով կամ 7,1%-ով նվազել են պետական կամ հանրային գույքի հափշտակությունները (2012թ. 9 ամիսներին` 26, 2011թ. 9 ամիսներին` 28 դեպք): 6 դեպքով նվազել են պետական կամ հանրային գույքի գողության դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 2, 2011թ. 9 ամիսներին` 8 դեպք), իսկ 1 դեպքով` պետական կամ հանրային գույքի խարդախության դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 1, 2011թ. 9 ամիսներին` 2 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 5 դեպքով ավելացել են պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման դեպքերի բացահայտումները (2012թ. 9 ամիսներին` 22, 2011թ. 9 ամիսներին` 17 դեպք): Նշյալ հանցագործությունները հիմնականում կատարվել են նախկին տարիներին (2009-2011թթ.), որոնք բացահայտվել են հանրապետության շրջանների դպրոցների տնօրենների կողմից պետական միջոցների նպատակային ծախսման ուղղությամբ 2012 թվականի 3-րդ եռամսյակում իրականացված ստուգումների ընթացքում: Արձանագրված յուրացման կամ վատնման 22 դեպքերից 10-ը բացահայտվել է Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքի դպրոցում պետական միջոցների նպատակային ծախսման ուղղությամբ կատարված ստուգմամբ:
Անձնական գույքի հափշտակության դեպքերը նվազել են 16-ով կամ 14,5 %-ով: Առանձնապես, 24 դեպքով, նվազել են անձնական գույքի գողության դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 63, 2011թ. 9 ամիսներին` 87 դեպք), այդ թվում 7 դեպքով նվազել են բնակարանային գողությունները (2012թ. 9 ամիսներին` 22, 2011թ. 9 ամիսներին` 29 դեպք): 5 դեպքով նվազել են անձնական գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 4, 2011թ. 9 ամիսներին` 9 դեպք): 7 դեպքով ավելացել են խարդախության եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 14, 2011թ. 9 ամիսներին` 7 դեպք): 7 դեպքով աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում:
2012թ. 9 ամիսներին արձանագրված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 3 դեպքով կամ 30%-ով: Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դեպքեր չեն արձանագրվել: 1 դեպքով ավելացել է հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու դեպքերի բացահայտումները (2012թ. 9 ամիսներին` 2, 2011թ. 9 ամիսներին` 1 դեպք):
2012 թվականի 9 ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 12 դեպքով կամ 30%-ով ավելացել է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը (2012թ. 9 ամիսներին` 40, 2011թ. 9 ամիսներին` 28 դեպք): Մասնավորապես 2 դեպքով ավելացել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքերը (2012թ. 9 ամիսներին` 4, 2011թ. 9 ամիսներին` 2 դեպք): 11 դեպքով ավելացել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերի բացահայտումները (2012թ. 9 ամիսներին` 11, 2011թ. 9 ամիսներին` 0 դեպք), ինչը պայմանավորված է <<Հայաստանի պետական ագրարային համալսարան>> ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղում 2010թ. օգոստոս ամսում կատարված և 2012թ. առաջին եռամսյակում հարուցված քրեական գործի շրջանակում բացահայտված` կաշառք ստանալու, կաշառք տալու 3-ական, ինչպես նաև կաշառքի միջնորդության 5 հանցագործության դեպքերի բացահայտմամբ:
 
 
ԼՂՀ գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական,
վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման,
միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժին