Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Մայիսի 25-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության մի խումբ ներկայացուցիչների` միության նորընտիր ատենապետ Ժիրայր Կասաբյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին, Ա. Մոսիյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը` նշելով, որ հավելյալ փորձառությունը ոչ միայն նպաստում է մասնագիտական գիտելիքների զարգացմանը, այլև ընդարձակում է գործնական ունակությունները: Գլխավոր դատախազն առաջարկել է ամերիկահայ իրավաբաններին` ակտիվացնել շփումները արցախցի գործընկերների հետ, մասնավորապես, նրանց ընդրգրկելով իրավունքի բնագավառում կազմակերպվող միջոցառումներում: <Իրավաբանությունը սահման չունի, և Արցախի Հանրապետության չճանաչվածության պարագան չպիտի խոչընդոտ հանդիսանա նման նախաձեռնությունների համար>,-ասել է նա:

ԱՄՆ հայ իրավաբանների միության նախագահ Ժ. Կասաբյանը ևս կարևորելով փոխշփումների անհրաժեշտությունը, խոստացել է միության հետագա ծրագրերի մեջ անպայման ներգրավել արցախցի իրավագետներին: <Մենք իբրև զբոսաշրջիկ չենք եկել Արցախ, այլ կոնկրետ նպատակներով, որի մի դրսևորումը ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համակազմակերպմամբ մեր միության 29-րդ տարեկան համաժողովի անցկացումն էր Շուշիում>,-տեղեկացրել է Ժ. Կասաբյանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաև գլխավոր դատախազի տեղակալներ Արամայիս Ավագյանը, Սևակ Հակոբյանը և Սերգեյ Ստեփանյանը:
Հնչեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր, որոնց առնչությամբ կողմերը ստացան սպառիչ պատասխաններ: