Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 Transparency International կազմակերպության օրերս հրապարակված զեկույցի համաձայն, կոռումպացվածության մակարդակով Հայաստանի Հանրապետությունը նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է 11 կետով եւ 177 երկրների թվում զբաղեցնում է 94-րդ տեղը: 
Օրն այդ երեւույթի մասին եւս մեկ անգամ խոսելու առիթ է: Հավանաբար,  յուրաքանչյուրս էլ երբեւէ ունեցել է գումար առաջարկելու կամ վերցնելու գայթակղություն: Խոսքն այն մասին չէ՝ շատ կամ քիչ, եւ անգամ այն մասին չէ՝ արդյո՞ք այդ գայթակղությանը ենթարկվել ենք, թե ոչ, այլ այն մասին, որ այդ երեւույթը շատ խորն է նստած մարդու էության մեջ եւ ցանկացած պատեհ առիթի դեպքում կարող է դրսեւորվել: Առավել եւս, որ ՙկոռուպցիա՚ ասվածը վաղուց արդեն միայն գումար առաջարկելով կամ վերցնելով չի սահմանափակվում: Արցախում այդ երեւույթի դեմ պայքարի արդյունքները պատասխանատուները հայաստանյան ցուցանիշների հետ են համեմատում եւ վստահեցնում՝ տարիների հետ ձեռքբերումներն ավելի նկատելի են դառնում:

 

Թեմայի շուրջ է մեր հարցազրույցը ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ

Սերգեյ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ: 

 

-Առաջին հայացքից բավական պարզ թվացող ՙկոռուպցիա՚ անվան տակ երեք տասնյակից ավելի հանցատեսակներ են ներառվում: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններից որո՞նք են ավելի հաճախակի արձանագրվում մեր հանրապետությունում:
— Նախ նշեմ, որ կոռուպցիոն բնույթի հանցատեսակները  սահմանված են ԼՂՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամանով հաստատված ցանկով, դրանք 31-ն են: Գործող Քրեական օրենսգիրքը չի սահմանում այդպիսի առանձին գլուխ` ՙԿոռուպցիոն հանցագործություններ՚, նշված հանցատեսակները կարող են լինեն սեփականության, տնտեսական գործունեության, պետական ծառայության, արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ: Կոռուպցիոն հանցագործությունների սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը: Սակայն, նշված հանցատեսակների զգալի մասի  համար պարտադիր անհրաժեշտ է հատուկ սուբյեկտի` պաշտոնատար անձի կարգավիճակը:  Օրինակ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործող պաշտոնյան, կամ համապատասխան լիազորություններով օժտված առևտրային կազմակերպության ծառայողը` հաշվետվությունների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելով հարկերից չարամտորեն խուսափելիս։ Մեզ մոտ առավել հաճախակի արձանագրվում են պաշտոնեական դիրքն օգտագործելով  յուրացման կամ վատնման եղանակով հափշտակության դեպքերը: Ընթացիկ տարվա 9 ամսվա տվյալներով արձանագրված 25 հանցագործությունից 11-ը, կամ՝ 44%-ը նշված հանցատեսակն է:
— Նշեցիք, որ 2013-ին 25 դեպք է արձանագրվել: Մոտ 150 հազար բնակիչ ունեցող Արցախի պարագայում դա շա՞տ է, թե՞ քիչ:

-Անհրաժեշտ է նշել, որ  ընդհանուր հանցավորության վիճակը  գնահատելիս պետք է արձանագրել, որ մեզ մոտ մի քանի անգամ ավելի լավ վիճակ է, քան մյուս երկրներում: Անցյալ տարվա ամռանը մեզ մոտ էր Ուկրաինայի հանրապետության Լուգանսկի մարզի շրջաններից մեկի դատախազը: Ու երբ հաշվարկեցին ընդհանուր հանցավորության միջին գործակիցը, այսինքն` դրանց թիվը 10 հազար բնակչի հաշվարկով, այն իրենց մոտ ավելի քան 3 անգամ գերազանցում էր մերին:  Ինչ վերաբերում է կոռուպցիոն հանցատեսակներին, ապա նշեմ, որ  նախորդ տարվա 9 ամսվա համեմատությամբ դրանց թիվը նվազել է 15 դեպքով, կամ 37,5%-ով, հանցագործությամբ պատճառված նյութական վնասը նվազել է 14.050.570 ՀՀ դրամով ,կամ 25,5 %-ով, կոռուպցիոն  հանցագործությունների տեսակարար կշիռը գրանցված հանցագործությունների ընդհանուր թվում նույնպես  նվազել է 13,9 % մինչև 7,1%, այսինքն մոտ 2 անգամ: ԼՂՀ տարածքում նշված հանցագործությունների միջին գործակիցը 2012թ. տվյալներով կազմել է ընդամենը մոտ 4, մեզ մոտ չկա կազմակերպված հանցավորություն: Դա ի՞նչ է նշանակում։ Այսինքն՝ մեր հանրապետության հասարակական կյանքում կոռուպցիոն դրսևորումները մեծ չեն և շարունակում են նվազել: Վերջին երեք տարվա վերլուծությունները ցույց են տալիս, որ, օրինակ, 2011թ. համեմատությամբ՝ 2012թ. արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կտրուկ աճ` ավելի քան 2 անգամ: Դա պայմանավորված էր հանրապետության իրավապահ մարմինների համատեղ, առավել ակտիվ աշխատանքով, քանի որ նշված հանցատեսակները կրում են լատենտային, այսինքն՝ քողարկված բնույթ, և խնդիրը կայանում էր  դրանց հայտնաբերման մեջ: Իսկ 2013թ. 9 ամսվա կտրվածքով արդեն իսկ արձանագրվել է զգալի նվազում, ինչը տրամաբանական է որպես իրավապահների ակտիվ ու համատեղ աշխատանքի արդյունք:

— Կոռուպցիայի դեմ պայքարում դատախազությունը, հավանաբար, նաեւ գործընկերներ ունի պետական կառույցներում: Ինչպե՞ս եք գնահատում կոռուպցիայի դեմ պայքարի դրվածքը մեզ մոտ:
— Կոռուպցիոն  հանցագործությունների դեմ պայքարը իրականացվում է ընդհանուր հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, իհարկե, իր առանձնահատկություններով, և հանդիսանում է դատախազության կարևոր խնդիրներից մեկը: Հաշվի առնելով նշված հանցատեսակների դեմ պայքարի կարևորությունը, ԼՂՀ տարածքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը և դատական քննության ընթացքը մշտապես գտնվում են Գլխավոր դատախազության համապատասխան բաժնի ուշադրության ներքո: Նման  հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու համար  դատախազությունը համագործակցում է հանրապետության մյուս իրավապահ մարմինների`  Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Հարկային պետական ծառայության հետ, ինչպես նաև Վերահսկիչ պալատի հետ ունեցած համաձայնագրի շրջանակներում իրականացնում է պրակտիկ շփումներ: Անցյալ տարվանից մենք, դեռևս միայն ինֆորմացիայի փոխանակման առումով, շփումներ ունենք նաև հանրապետության Ֆինանսների նախարարության ֆինանսական դիտարկումների բաժնի հետ, որը գործում է ՙՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚ ԼՂՀ օրենքի շրջանակներում:
— Կոռուպցիոն հանցագործությունների թվով առաջատարները մնում են կրթության եւ տեղական ինքնակառավարման ոլորտները: Իսկապե՞ս այդ ոլորտներում ռիսկային գործոններն են շատ, թե՞ պարզապես դրանց նկատմամբ ե՜ւ հասարակության, ե՜ւ պետական մարմինների ուշադրությունն է մեծ:
— Ես կասեի և առաջինը, և երկրորդը: Կրթության ոլորտում միշտ էլ մեծ են եղել կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից, և դա բնական է, նշված բնագավառը պետության կողմից գտնվում է հատուկ ուշադրության ներքո: Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման համակարգին, ապա դա էլ իր պատճառներն ունի` կապված համայքներում իրականացվող բազմաբնույթ ֆինանսատնտեսական գործառույթների հետ, և մյուս կողմից, հաշվի առնելով, որ համայնքները պետության կողմից ստանում են բավականին մեծ գումարներով դոտացիաներ, բնականաբար, դրանց ծախսերը նույնպես գտնվում են պետության կողմից լուրջ ուշադրության ներքո:
-Կոռուպցիայի դեմ պայքարն ակտիվացնելու կոչերը հասարակությունից են հնչում: Սակայն եթե 2013 թվականի ցուցանիշներն ենք դիտարկում, արձանագրված դեպքերի բացահայտման հարցում շատ փոքր տոկոսում է որեւէ կերպ արտահայտված ֆիզիկական անձի, կամ այլ կերպ ասած՝ նույն հասարակության անդամի մասնակցությունը: Ինչի՞ մասին է խոսում այս ցուցանիշը:
— Դուք ճիշտ եք: Կոռուպցիոն  հանցագործությունները գրեթե բացառապես երևան են հանվում իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ աշխատանքների արդյունքում կամ նախաքննության ընթացքում քրեական գործերի շրջանակներում: Քաղաքացիների մասնակցությունը ծայրահեղ պասիվ է: Դա կապված է հասարակության որոշ խավի իրավագիտակցության դեռ ոչ բարձր մակարդակով, առանձին դեպքերում հոգեբանական դրսևորումներով` դա իմ գործը չէ, դա ինձ չի վերաբերվում և այլն: Իրավագիտակցության ցածր մակարդակը նույնիսկ հանգեցնում է տհաճ դեպքերի: Օրինակ, ներկա դրությամբ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում քննվում է քրեական գործ, որով դատավարական ղեկավարումն իրականացվում է Գլխավոր դատախազության կողմից: Նախաքննության շահերից ելնելով, առանց բոլոր պարզված հանգամանքները հրապարակելու, կասեմ, որ ոմն անձ, նույնիսկ ոչ մեր հանրապետության քաղաքացի, ներկայանալով իբրև իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյա, օժտված ՙկարողություններով՚, քաղաքացիներից մեծ գումարներ է ստացել` մեկին իբրև բարեկամին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, մյուսին` իրավապահ մարմիններում աշխատանքի տեղավորելու, երրորդին` քննվող քրեական գործով իբրև բարեկամի վիճակը բարելավելու համար: Եվ մեր քաղաքացիները, շուտով հասկանալով, որ պարզապես դարձել են հանցավոր տարրի զոհ, նոր դիմել են իրավապահներին, չգիտակցելով, որ հենց իրենց արարքներում ևս առկա են հանցագործության հատկանիշներ` կապված կաշառք տալու հետ: Իհարկե, նշված հանցատեսակների դեմ պայքարը միայն իրավապահներին և պետական որոշ կառույցներին վերապահելը ճիշտ չէ: Մենք ակնկալում ենք հասարակության, քաղաքացիների ակտիվ դերը:
— Գո՞ւցե մեր քաղաքացիների պասիվությունը մասամբ նաեւ նրանով է պայմանավորված, որ այս հանցատեսակի ու դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին սովորաբար խոսում ենք առանց կոնկրետ օրինակների՝ չնշելով անուններ եւ դեմքեր: Ինչպե՞ս եք գնահատում կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության աշխատանքների թափանցիկությունը:
— Կոռուպցիոն հանցատեսակների դեմ պայքարում կարևոր գործոն է նաև դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակայնությունը և թափանցիկությունը: Տվյալ դեպքում մենք կարևորում ենք ԶԼՄ-ների հետ մեր համագործակցությունը: Հատկապես վերջին տարիներին որոշ չափով ամրապնդվել է այդ կապը, և մենք հետագայում էլ ձգտելու ենք համագործակցությունը դարձնել աշխատաոճ: Բացի դրանից, որպես կանոն, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նյութերով նախաքննության մարմնի կամ դատախազի կողմից ներկայացվում է միջնորդագիր` հանցանքին նպաստող պայմանները ու դրանք ծնող պատճառները վերացնելու հանձնարարականով, որոնց քննարկումները ևս նպաստում են դրանց հրապարակայնությանը: Մեծ կարևորություն ունի նաև կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի ընթացքի և արդյունքների մասին  դատախազության համացանցային կայքի միջոցով հասարակությանն իրազեկելու գործընթացը:
— Այս դեպքում էլի մի նրբություն կա: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արդյունքում նյութական վնաս կրող կողմը դեպքերի մեծ մասում դառնում է պետությունը: Իրականում ի՞նչ չափերի է հասնում պետությանը հասցված վնասը:
— Չնայած կոռուպցիոն հանցագործություններով նյութական վնասը կարող է պատճառվել ինչպես պետությանը, այնպես էլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, վերլուծությունները ցույց են տալիս, որ մեզ մոտ նշված հանցատեսակներով վնասը հիմնականում պատճառվում է պետությանը: Ընթացիկ տարվա 9 ամսում պետությանը պատճառված վնասի չափը կազմել է մոտ 41 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 55մլն-ի դիմաց:  Պետությանը պատճառված նյութական վնասը լրիվությամբ վերականգնվել է նախաքննության փուլում: Այդ առումով նշեմ, որ քրեական գործերով մեր կարևոր նպատակն է առաջին հերթին վերականգնել հանցագործությամբ պետությանը պատճառված նյութական վնասը: Եվ նույնիսկ, օրինակ, տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի  առանձին հանցակազմերով օրենսդիրը նախատեսել է այսպես ասած խրախուսման նորմ, որը նախաքննության մարմնին  պարտավորեցնում է պետությանը պատճառված վնասը լրիվությամբ մարելու դեպքում դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը: Մենք ունեցել ենք նման դեպք, օրինակ, 2012թ. սկզբներին ԼՂՀ հարկային պետական ծառայության քննչական բաժնում քննվում էր քրեական գործ` հարկային մարմիններում գրանցված մի ընկերության տնօրենի կողմից հաշվետվությունների մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելով  25մլն դրամ գումարի չափով հարկերից չարամտորեն խուսափելու փաստի առթիվ: Նախաքննության ընթացքում նշված գումարը մեղադրյալի կողմից լրիվությամբ վերականգնվել  է պետբյուջե, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այսինքն, առանձին դեպքերում մեր նպատակը ոչ թե պարտադիր պատժելն է, այլ առաջին հերթին հասցված վնասը վերականգնելը:
—  Գուցե նաեւ նման խրախուսման նորմերի կիրառման արդյունքում՝ ժողովուրդի մեջ կարծիք կա, որ կոռուպցիայի հարցերով եթե պատասխանատվության է ենթարկվում, ապա միայն ստորին օղակի չինովնիկը, իսկ միջին, առավել եւս՝ բարձր օղակը անգամ արդարադատության համար է անհասանելի մնում: Այդ առումով ի՞նչ է ասում Ձեր երկարամյա աշխատանքային փորձը:
— Ես կարող եմ միայն ասել, որ մենք բոլորի և բոլոր դեպքերի համար ապահովում ենք Սահմանադրությամբ ամրագրված հավասարությունը:
— Կրկնահանցագործությունների մասին: Կոռուպցիոն հանցագործությունների պարագայում նման դեպքեր արձանագրվո՞ւմ են:
— Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ կարող եմ նշել, որ մեր պրակտիկայում ռեցիդիվի դեպքեր չեն արձանագրվել:
— Այս ոլորտում որո՞նք են լինելու գլխավոր մարտահրավերներն առաջիկայում:
— Կոռուպցիոն  հանցագործությունների դեմ պայքարը, իհարկե, չի նախատեսում միայն հանցագործություններն ի հայտ բերելը, քրեական գործեր հարուցելը, մեղավորներին պատժելը և այլը: Առաջնահերթ խնդիրներ են դրանց պրոֆիլակտիկան, այսինքն` կոռուպցիոն դրսևորումների վաղ հայտնաբերումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, սուբյեկտիվ գործոնը հնարավորինս բացառելը, որոնց ուղղությամբ մենք աշխատելու ենք:
 

Հարցազրույցը վարեց
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

www.artsakhtert.com