Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԿՐԱԿԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՊԱՀՎՈՂ ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐԻՑ: ՄԵԿ ՀՈԳԻ ՍՏԱՑԵԼ Է ՎԻՐԱՎՈՐՈՒՄ

2019 թվականի հունվարի 11-ին, ժամը 01:20-ի սահմաններում, Բախշի Միրզոյանը ներկայացել է Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 166Ա հասցեում տեղակայված <Մ.Ն.Ա.Ն> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրասենյակ, որտեղ առանց պատճառի, սեփական անձի առավելությունը ցուցադրելու շարժառիթով դիտավորյալ խախտել է հասարակական կարգը և ընկերության տաքսի ծառայության բնականոն գործնեությունը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ընկերության տարածքում գտնվող անձանց նկատմամբ` վիճաբանության մեջ է մտել ընկերության տնօրեն Ալեքսեյ Բալայանի և նույն վայրում գտնվող Սեյրան Ղուկասյանի հետ, որի ընթացքում իր հետ նախապես բերված` որպես զենք օգտագործվող, հատուկ հարմարեցված մահակը գործադրելով, հարվածներ է հասցրել վերջիններիս: Բացի այդ, իր մոտ ապօրինի պահվող <Մաուզեր> տեսակի 7.65մմ տրամաչափի <411667> համարի ատրճանակից Բ. Միրզոյանը մեկ անգամ կրակել է գրասենյակում:

Իր հերթին, Ա.Բալայանը դիտավորությամբ Բ.Միրզոյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու նպատակով, իր մոտ ապօրինի պահվող <ՊՄ> տեսակի 9մմ տրամաչափի <KM 4389> համարի ատրճանակից կրակել է Բ. Միրզոյանի ձախ ոտքին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 269 հոդվածի 4-րդ մասով, 245 հոդվածի 1-ին մասով, 111 հոդվածի 1-ին մասով և 245 հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործությունների հատկանիշներ, 11.01.2019թ. ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել  է քրեական գործ:

Հաշվի առնելով քրեական գործի բարդությունը և մեծ ծավալը, նախաքննություն իրականացնելու համար ստեղծվել է քննչական խումբ:

Քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի շրջանի  դատախազությունը:

         

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: