Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԿԵՂԾ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ…ՎԱՇԽԱՌՈՒԻ ՀԱՆԴԵՊ

-Պարոն Ղահրամանյան, ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ դատախազության պաշտոնական կայքից, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է վաշխառության փաստով քրեական գործի դատական քննությունը և ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է համապատասխան պատիժ: Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրել է Շուշիի շրջանի դատախազությունը, և այս հիմամբ խնդրում ենք մանրամասնել քրգործի հարուցման շարժառիթները:

-Նախ, ուզում եմ տեղեկացնել, որ հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացվել է անձամբ իմ կողմից: Բայց Ձեր հարցին պատասխանելուց առաջ, անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում վաշխառությունը:
Վաշխառությունը` պարտք տված դրամի կամ տևական հատկանիշով որոշվող գույքի համար ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված, բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալն է, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը: Վաշխառության հանցակազմով գործերի քննության դժվարությունը կայանում է նրանում, որ հաճախ վաշխառուի հանցավոր գործողությունների հետևանքով տուժած անձինք իրավապահ մարմիններ չեն դիմում, հրաժարվում են ցուցմունք տալուց կամ դժկամությամբ են ցուցմունքներ տալիս:

-Իսկ ինչո՞ւ են հրաժարվում ցուցմունք տալուց, չէ՞ որ դա իրենց շահերից է բխում:

-Պատճառներից կարող են տարբեր լինել, ինչպես օրինակ` կեղծ երախտագիտության զգացումը վաշխառուի հանդեպ: Տուժողները հաճախ պարտավորվածության զգացում են ունենում, նկատի առնելով, որ պարտքատուն «ձեռք է մեկնել իր նեղ օրվան»: Եվ հենց այսպիսի կարծրատիպերից պիտի ձերբազատվել: Ներկա դեպքում, քննության առարկա հանդիսացող` Անյա Սահակովայի նկատմամբ հարուցված քրեական գործը, նախատեսված ԼՂՀ քր. օր-ի 213-րդ հոդվածի 1-ին մասով /Վաշխառություն/, հարուցվել էր Շուշի քաղաքի բնակչուհի Նելլի Ավագյանի դիմումի հիման վրա: Հետագայում, գործի նախաքննությամբ, պարզվել ու հաստատվել է, որ Անյա Սահակովան վաշխառություն է կատարել երկու տասնյակից ավելի անձանց նկատմամբ: Անյա Սահակովայի արարքները վերաորակվել են 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` վաշխառություն, որը կատարվել է որպես արհեստ, այսինքն` ծանրացնող հանգամանքնրում կատարված վաշխառությամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել 24 անձանց նկատմամբ 24 առանձին դրվագներով վաշխառություն կատարելու համար` դրանցից յուրաքանչյուրը դիտարկելով որպես առանձին հանցագործություն: Սույն գործի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հետպատերազմյան ժամանակահատվածում եզակի եզակի դեպք է, երբ վաշխառության վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է դատարան և դատական լուծում ստանում:
Գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների ազդեցության ներքո ամբաստանյալ Ա. Սահակովան առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով ընդունել է իր մեղքը և խնդրել դատարանին` մեղմ վերաբերվել: Վերջինիս նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք` 1.200.000 դրամի չափով:

-Դատարանն արդյո՞ք մեղմ դատավաճիռ չի կայացրել, եթե նկատի առնենք հանցանքի ծավալը:

— ԼՂՀ առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակել է ԼՂՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, ըստ հանցագործությունների համակցության, այսինքն` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով: Խնդիրը ոչ այնքան պատժի խստությունն է, որքան պատժի անխուսափելիությունը, որը տվյալ դեպքում առկա է: Հիշյալ գործի նախաքննության ընթացքում և գործի ավարտից հետո, ստացված դրական արձագանքները վկայում են սոցիալական արդարության վերականգնման մասին: Բազմաթիվ ընտանիքներ, ազատվելով բարձր տոկոսներից, դուրս են եկել նյութական ծանր վիճակից և բարելավել իրենց սոցիալական վիճակը:
Վերոհիշյալ գործը, միաժամանակ, որպես կանխարգելիչ գործոն` լուրջ ազդանշան է բոլոր այն անձանց համար, ովքեր դեռ շարունակում են զբաղվել վաշխառությամբ, կամ կփորձեն զբաղվել նմանատիպ գործունեությամբ:
 

Հարցազրույցը վարեց Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
«Ազատ Արցախ», 08.08.2013թ., N 87/29347/