Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ` ԲԱԶՄԱԹԻՎ ԴՐՎԱԳՆԵՐՈՎ

Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հայկ Հայրիյանը շահադիտական դրդումներից ելնելով, դիտավորությամբ ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու նպատակով, 2018թ. հուլիսի 19-ին ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ Էվելինա Մկրտչյանի վստահությունը չարաշահելով, գումարը հետագայում վերադարձնելու կեղծ խոստումով, նրանից ստացել և հափշտակել է նրա  մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունը՝ պատճառելով Է. Մկրտչյանին զգալի չափերի հասնող` ընդհանուր 450.000 /չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Նույն ինքը, շահադիտական դրդումներից ելնելով, դիտավորությամբ ուրիշի գույքը խոշոր չափերով հափշտակելու նպատակով, 2018թ. հուլիս ամսվա վերջերին ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ Էվելինա Մկրտչյանի վստահությունը չարաշահելով, գումարը հետագայում վերադարձնելու կեղծ խոստումով, նրանից ստացել և հափշտակել է նրա  մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունը և մեկ գլուխ ցուլիկը՝ պատճառելով Է. Մկրտչյանին խոշոր չափերի հասնող` ընդհանուր 550.000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Նույն ինքը շահադիտական դրդումներից ելնելով, դիտավորությամբ ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու նպատակով, 2018թ. օգոստոսի 20-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ Մայիլ Սահակյանին խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով՝  իբր <Յունիբանկ> ՓԲԸ-ի միջոցով դրամական փոխանցում կատարելու նպատակով, տարել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի <Գորիս Էլեկտրոնիկս> խանութ և ապառիկ վճարման եղանակով Մայիլ Սահակյանի անունով, իր համար ձեռք է բերել մեկ հատ <Սամսունգ Ջ> մոդելի հեռախոս 122.000 ՀՀ դրամ գումարով, որի գումարների մարումները կատարել է Մայիլ Սահակյանը, այսինքն վերջինիս պատճառվել է զգալի չափերի հասնող` ընդհանուր 122.000 /հարյուր քսաներկու հազար/ ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Նույն ինքը, շահադիտական դրդումներից ելնելով, դիտավորությամբ ուրիշի գույքը խոշոր չափերով հափշտակելու նպատակով, 2018թ. օգոստոս ամսում ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ Ռուբեն Լազարյանի և ԱՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի բնակիչ Ամրամ Զաքարյանի վստահությունը չարաշահելով, վերջիններիս համար խոշոր եղջերավոր անասուններ տրամադրելու կեղծ պատրվակով, նրանցից իբր որպես կանխավճար ստացել և հափշտակել է 510.000 /հինգ հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ գումար՝ պատճառելով վերջիններիս խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Նույն ինքը, շահադիտական դրդումներից ելնելով, դիտավորությամբ ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու նպատակով, 2018թ. հոկտեմբեր ամսին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Տիգրան Մկրտչյանի վստահությունը չարաշահելով, իբր իր ընկերոջ միջոցով վերջինիս համար վառելափայտ բերելու խոստում տալով, նրանից Ստեփանակերտ քաղաքում ստացել և հափշտակել է ընդհանուր 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումար՝ պատճառելով Տ. Մկրտչյանին զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Նույն ինքը, շահադիտական դրդումներից ելնելով, դիտավորությամբ ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու նպատակով, 2018թ. հուլիս ամսին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արթուր Ադամյանի վստահությունը չարաշահելով, վերջինիս համար իր ընկերոջ միջոցով <Մերսեդես E320> մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու կեղծ խոստում տալով և գումարը մաս-մաս վճարելու պայմանով, նրանից Ստեփանակերտ քաղաքում ստացել և հափշտակել է ընդհանուր 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումար՝ պատճառելով Ա. Ադամյանին զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Նույն ինքը, շահադիտական դրդումներից ելնելով, դիտավորությամբ ուրիշի գույքը խոշոր չափերով հափշտակելու նպատակով, 2019թ. փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Նադիր Մինասյանի վստահությունը չարաշահելով, գումարը հետագայում վերադարձնելու կեղծ խոստումով, ԱՀ Հադրութի շրջանի Ազոխ գյուղում նրանից ստացել և հափշտակել է նրա 13 գլուխ խոզերը՝ վերջինիս պատճառելով խոշոր չափերի հասնող`  ընդհանուր 2.240.000 /երկու միլիոն երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Նույն ինքը,  շահադիտական դրդումներից ելնելով, դիտավորությամբ ուրիշի գույքը զգալի չափերով հափշտակելու նպատակով, Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան 5/8 հասցեում տեղակայված` <Նելսոն Սևումյան> ԱՁ խանութում Նելսոն Սևումյանին 2018թ. հունիսի 10-ին 42.000 ՀՀ դրամ գումարով վաճառած իր օղիների իբր ժամկետանց դրոշմանիշները փոխելու նպատակով, 14.06.2018թ. ներկայացել է նշյալ խանութ և Ն.Սևումյանից հետ է վերցրել <Շարիկ> տեսակի 41 հատ, <Գրաֆին> տեսակի 8 հատ, <Ժուլիկ> տեսակի 29 հատ օղիներն ու վերջինիս վստահությունը չարաշահելով, վերցված օղիների դրոշմանիշները փոխելու և այն հետագայում վերադարձնելու կեղծ խոստում տալով, չի վերադարձրել դրանք կամ դրա դիմաց ստացած գումարը, պատճառելով Ն. Սևումյանին զգալի չափերի հասնող` 42000 /քառասուն երկու հազար/ ՀՀ  դրամ գումարի գույքային վնաս:

Հարուցված քրեական գործն` ըստ մեղադրանքի Հայկ Հայրիյանի, նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին  մասով` հինգ դրվագով  և 184-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով` երեք դրվագով, ուղարկվել է  ԱՀ  ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարան` ըստ էության քննելու համար: Հ. Հայրիյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննության նկատմամբ դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացրել է ԱՀ գլխավոր դատախազության  կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների  գործերով բաժինը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: