Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԼՂՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

-Պարոն Ստեփանյան, դատախազությունն իր գործառույթների շրջանակում նաև հսկողություն է իրականացնում պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ: Որպես գլխավոր դատախազի տեղակալ, Դուք նաև այդ ոլորտն եք համակարգում, ուստի կխնդրեինք ներկայացնել, թե ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ինչ աշխատանքներ են իրականացվել տվյալ բնագավառում:

-Համաձայն ԼՂՀ Սահմանադրության 118-րդ հոդվածի 1-ին մասի, <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետ`ի դատախազությունը հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ: 2013թ. առաջին կիսամյակում ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից որոշակի աշխատանք է կատարվել այդ ոլորտում օրինականության ապահովման ուղղությամբ: Որպես պատժի և հարկադրանքի միջոցի առավել խիստ տեսակ, գլխավոր դատախազության կողմից նախ և առաջ ապահովվել է ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում դատապարտված և կալանավորված անձանց պահման օրինականությունը: Այդ կապակցությամբ հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում իրականացվել է 12 ստուգում:
Քրեակատարողական հիմնարկում 2013թ. առաջին կիսամյակում կայացվել է տեղաբաշխման հանձնաժողովի 6 նիստ, որոշվել է 29 դատապարտյալի պատժի կրման հիմնարկի տեսակը, ընդ որում 28-ը տեղաբաշխվել է հիմնարկի համապատասխան ուղղիչ տեղամասերում, 1-ը` տեղափոխվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ազատազրկման վայր: Փոխվել է 6 դատապարտյալի ուղղիչ հիմնարկի տեսակը, որից 3-ի նկատմամբ այն մեղմացվել է, 3-ի նկատմամբ` խստացվել:
Որպես դատախազական հսկողության հատուկ առարկա է դիտվել յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետը լրանալուն պես հանձնաժողովի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցի քննարկումը: Ոստիկանության քրեակատարողական վարչության համապատասխան հանձնաժողովի կողմից անց է կացվել 6 նիստ, քննարկվել է քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների նկատմամբ պատժից պայմանական-վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը, որից 16-ի նկատմամբ որոշումները ուղարկվել են անկախ հանձնաժողով` հետագա ընթացքավորման նպատակով: Նշված գործընթացի դատախազական հսկողությամբ օրինախախտումներ չեն հայտնաբերվել:
Առաջին կիսամյակում ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել դատապարտյալներին պատժից պայմանական-վաղաժամկետ ազատելու վերաբերյալ 14 միջնորդություն, որից 11-ը դատարանի որոշմամբ բավարարվել է, իսկ 3-ը` մերժվել: Հատկանշանական է, որ 2011 թվականից մինչև 2013թ. առաջին կիսամյակը ներառյալ, դատարանում քննարկվել է 66 միջնորդություն դատապարտյալին պատժից պայմանական-վաղաժամկետ ազատելու վերաբերյալ, որից 56-ը բավարարվել է: Այդ կարգով պատժից ազատված անձանցից ռեցիդիվի դեպքեր ընդհանրապես չեն եղել: Նշվածը վկայում է այդ գործընթացին ճիշտ և օրինաչափ վերաբերմունքի մասին:

-Ի՞նչ կասեիք քրեակատարողական հիմնարկում բժշկական սպասարկման որակի և սանիտարական նորմերի պահպանման վիճակի վերաբերյալ:

-Ինչպես միշտ, անցած ժամանակահատվածում ևս մեր կողմից հատուկ ուշադրության են առնվել քրեակատարողական հիմնարկում բժշկական սպասարկման որակի և սանիտարական նորմերի պահպանման վերաբերյալ հարցերը: Դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, պարբերաբար ուսումնասիրվել են դատապարտյալների և կալանավորվածների անձնական գործերը, նրանց բժշկական սպասարկման վերաբերյալ փաստաթղթերը, որի ընթացքում օրենքի խախտումներ նույնպես չեն հայտնաբերվել: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ 2012թ. ծանր հիվանդության պատճառով օրենքով սահմանված կարգով պատժի հետագա կրումից ազատվել են երկու դատապարտյալ: 2013թ. առաջին կիսամյակում դատապարտյալների և կալանավորվածների կողմից ինքնասպանության կամ դրա փորձի, ինքնախեղման, մահվան դեպքեր չեն եղել: 2012թ. ոստիկանության քննչական մեկուսարանում արձանագրվել էր ինքնասպանության մեկ դեպք կալանավորված զինծառայողի կողմից, որի կապակցությամբ ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, իրականացվել նախաքննություն, որը որոշ ժամանակ անց, նախաքննությունը շարունակելու համար, ըստ քննչական ենթակայության տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն:

-Կարո՞ղ ենք իմանալ, թե քանի դատապարտյալ է պահվում այսօր քրեակատարողական հինարկում:

-Անշո’ւշտ: 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պահվում էր 122 դատապարտյալ` այդ թվում կիսաբաց ուղղիչ տեղամասում պատիժ էր կրում 53 դատապարտյալ, կիսափակ ուղղիչ տեղամասում` 33, փակ ուղղիչ տեղամասում` 36:
Անհրաժեշտ է նշել, որ 2011 թվականից մինչև 2013թ. առաջին կիսամյակը ներառյալ, ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում, քննչական մեկուսարանում, ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրերում դատապարտյալների, կալանավորվածների և արգելանքի տակ գտնվող անձանց կողմից, ինչպես նաև վարչակազմի աշխատակիցների կողմից հանցագործության կատարման դեպքեր չեն արձանագրվել:
Նշեմ նաև, որ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ քրեակատարողական վարչության քրեակատարողական տեսչությունում, որը իրականացնում է ազատազրկման հետ չկապված պատիժների կիրառումը, հաշվառված էր 157 դատապարտյալ, հիշյալ ժամանակահատվածում հաշվառման է վերցվել ևս 113 դատապարտյալ, իսկ հաշվառումից հանվել է 71-ը: 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվառման մեջ էին գտնվում 199 դատապարտյալ: Դատապարտյալների կողմից տուգանքի ձևով վճարված գումարի չափը կազմել է մոտ 8.3 միլիոն դրամ:

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության վերաբերյալ:

-Որպես հարկադրանքի այլ միջոց` դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների հիման վրա իրականացվող բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման օրինականությունը ևս գտնվում է դատախազության հսկողության ներքո: ԼՂՀ առողջապահության նախարարության <Հոգեթմրաբանական դիսպանսեր> ՓԲԸ-ում 2013թ. առաջին կիսամյակում համապատասխան հարկադրանքի միջոցների կիրառման օրինականության վերաբերյալ իրականացվել է 6 ստուգում: 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ դատարանի որոշումներով հարկադիր բուժման մեջ էր գտնվում 42 անձ, որից ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում` 7 անձ, հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողության և հարկադիր բուժման` 31 անձ, պատժի կատարման հետ միացված հարկադիր բուժման` 3 անձ, որպես անվտանգության միջոց` 1 անձ: Նշված գործընթացի վերաբերյալ 2013թ. առաջին կիսամյակում իրականացված դատախազական հսկողությամբ օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ 2012թ.` հայտնաբերվել է մեկ օրինախախտում` կապված ոչ հոժարակամ բուժման իրականացման հետ: Այդ կապակցությամբ տեղում կիրառված նախազգուշացմամբ օրենսդրության խախտումը անհապաղ վերացվել է:

-Դատապարտյալների կողմից հղված դիմումներ ևս քննարկե՞լ եք:

-Իհարկե, նախ և առաջ անհրաժեշտ եմ համարում նշել, որ դատապարտյալների դիմումները քննարկվում, ստուգվում են հատուկ ուշադրությամբ, քանի որ դրանք հղված են ազատությունից զրկված անձանց կողմից: Անցած կիսամյակում քննարկվել է քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և նրանց մերձավորների կողմից ներկայացված 11 դիմում, որից 2-ը բավարարվել է, 5-ը` մերժվել, 4-ին տրվել հիմնավորված պատասխան-պարզաբանում:

-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար:

 


Հարցազրույցը վարեց Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
www.artsakhtert.com