Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԼՂՀ դատախազության 2011 թվականի գործունեության մասին

 

<Դատախազության մասին> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթներին և ԼՂՀ դատախազության Կանոնակարգի պահանջներին համապատասխան, աշխատանքներ են կատարվել մարդու, սեփականության, տնտեսական գործունեության դեմ ուղղված, կոռուպցիոն և կազմակերպված, ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության որակի բարելավման, դիմումների քննարկման, կազմակերպական-վերահսկողական, միջազգային իրավական համագործակցության և այլ ոլորտներում:

 

2011 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 368 դեպք` նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 99 դեպքով  կամ 21,2 %-ով (2010թ. գրանցվել էր 467 դեպք), ինչը վկայում է հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունավետության մասին:

 

Արձանագրված 368 հանցագործության դեպքերից բացահայտվել է 313-ը, 20 հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր հաշվետու ժամանակահատվածի ավարտին դեռևս գտնվել են քննության փուլում, իսկ 35-ը չեն բացահայտվել: 2011 թվականին հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է  90,9 %  (2010թ.`  91,3%):

 

Վիճակագրական տվյալների վերլուծությունից դիտվում է, որ հանցագործությունների թվային արտահայտության նվազում է արձանագրվել ինչպես հանցագործությունների ընդհանուր թվաքանակում, այնպես էլ դրանց որակական ցուցանիշներում և առանձին  հանցատեսակների շարժընթացում:

 

Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` 2011թ. ընթացքում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 8 դեպք (2010թ.` 10), ծանր հանցագործությունների` 113 դեպք (2010թ.` 179), միջին ծանրության հանցագործությունների` 111 դեպք (2010թ.` 109), իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունների` 136 դեպք (2010թ.` 169): Դրանով իսկ, նախորդ տարվա համեմատությամբ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 2 դեպքով, ծանր հանցա•ործությունների թվի նվազում է արձանագրվել 66 դեպքով, միջին ծանրության հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 2 դեպքով, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունները նվազել են 33 դեպքով:

 

2011թվականին հանցագործությունների որակական ցուցանիշներում արձանագրված նվազման կամ աճի կապակցությամբ համապատասխան վերլուծությունները ցույց են տալիս, որ  առանձնապես ծանր հանցագործությունների նվազումը պայմանավորված է սպանության (2011թ.` 5, 2010թ.` 6) և  սպանության փորձի (2011թ.` 1, 2010թ.` 3) դեպքերի նվազմամբ: Ծանր հանցագործությունների թվի նկատելի` 66 դեպքով նվազումը  առավելապես (34  դեպքով) պայմանավորված է ԼՂՀ քրեական օրենսգրքում 2011թ. մայիսի 24-ին տեղի ունեցած փոփոխություններով, ըստ որի նախկինում ծանր հանցագործություն համարվող քրեական օրենսգրքի 176-րդ  հոդվածի 2-րդ մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասով (24.05.2011թ-ից հետո արձանագրվել է 30 դեպք),  178-րդ հոդվածի 2-րդ մասով (24.05.2011թ-ից հետո արձանագրվել է 4 դեպք)  նախատեսված հանցագործությունների համար սահմանված պատժաչափը մեղմացվել է` համարվելով միջին ծանրության հանցագործություն: Այսպիսով, նկատի ունենալով նշյալ հանգամանքը, կարելի է հետևություն անել, որ 2011թվականին արձանագրված ծանր հանցագործությունները իրականում նվազել են 32 դեպքով /179-113-34/: Նույն պատճառով աճի միտում դրսևորած միջին ծանրության հանցագործությունները իրականում նվազել են 32 դեպքով /109-(111-34)/:

 

Հանցագործությունների շարժընթացում արձանագրված վիճակագրական տվյալների ուսումնասիրությամբ որոշակի վերլուծություններ են կատարվել նաև նվազման և աճի միտում դրսևորած առանձին հանցատեսակների կապակցությամբ:

 

2011թ. ԼՂՀ տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 48 դեպք (2010թ.` 44), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 79 դեպք (2010թ.` 85), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 173 դեպք (2010թ.` 229), այդ թվում` 28-ը ( 2010թ.` 31) պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 145-ը` (2010թ.` 198) անձնական գույքի հափշտակության դեպքեր, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների` 12 դեպք ( 2010թ.` 17), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների` 41 դեպք (2010թ.` 66)  :

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ըստ վարչատարածքային միավորների, հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից դիտվում է, որ  2011թվականին հանցագործության դեպքերի նվազում է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում` 23 դեպքով (2011թ.` 138, 2010թ.` 161), Մարտակերտի շրջանում` 30 դեպքով (2011թ.` 47, 2010թ.` 77), Մարտունու շրջանում` 26 դեպքով (2011թ.` 46, 2010թ.` 72), Հադրութի շրջանում` 9 դեպքով (2011թ.` 20, 2010թ.` 29), Շուշիի շրջանում` 7 դեպքով (2011թ.` 23, 2010թ.` 30), Քաշաթաղի շրջանում` 15 դեպքով (2011թ.` 23, 2010թ.` 38):

 

Գրանցված հանցագործությունների աճ է արձանագրվել Ասկերանի շրջանում` 5 դեպքով (2011թ.` 53, 2010թ.` 48), ինչը հիմնականում պայմանավորված է շրջանի տարածքում սեռական անձեռնմխելիության, տնտեսական գործունեության, պետական իշխանության, ծառայության կամ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքներով: Շահումյանի շրջանում հանցագործությունների աճ է արձանագրվել 6 դեպքով (2011թ.` 18, 2010թ.` 12), որն էլ պայմանավորված է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի ավելացմամբ (2011թ.` 1, 2010թ.` 0), պետական իշխանության, ծառայության կամ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների աճով, ինչպես նաև պետական գույքի յուրացման կամ վատնման դեպքերի (2011թ.` 4, 2010թ.`1) հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների արդյունավետությամբ: Ըստ բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի, առանձնապես ծանր հանցագործությունների աճ է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում` 4 դեպքով (2011թ.` 4, 2010թ.`0) և Քաշաթաղի շրջանում` 1 դեպքով (2011թ.` 1, 2010թ.` 0):

 

Այսպիսով, հանցագործությունների շարժընթացում 2011թ. արձանագրված նվազումը  ընդհանուր առմամբ դիտվում է դրական, հատկապես նկատելի է սպանության և դրա փորձերի, խուլիգանության, առողջությանը վնաս պատճառելու ելքով ճանապարհա-տրանսպորտային պատահարների, ինչպես նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները:

 

 Սակայն դրան զուգահետ` ուշադրության է ենթակա հետաքննության մարմինների կողմից լատենտային հանցագործությունների վերհանմանն ու բացահայտմանն ուղղված միջոցառումների ցածր արդյունավետությունը, ինչի մասին են վկայում տնտեսական գործունեության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների հայտնաբերման դեպքերի նվազումը:

 

Հանրապետության տարածքում 2011թ. մարդու դեմ ուղղված հացագործությունները աճել են 4 դեպքով: Մասնավորապես, 3 դեպքով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունների  դեպքերը (2011թ.` 15, 2010թ.` 12 դեպք), այդ թվում` 1 դեպքով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը (2011թ.` 7, 2010թ.` 6 դեպք): 4 դեպքով աճել են սեռական անձեռնմխելիության  դեմ ուղղված հանցագործությունները (2011թ.` 12,  2010թ.` 8 դեպք): Այդուհանդերձ, մարդու դեմ ուղղված որոշ հանցատեսակների շարժընթացում նվազում է արձանագրվել: Այսպիսով, 1 դեպքով նվազել է սպանության (2011թ.` 5,  2010թ.` 6 դեպք), իսկ 2 դեպքով` սպանության փորձի դեպքերը (2011թ.` 1,  2010թ.` 3 դեպք), բռնաբարության կամ դրա փորձի որևէ դեպք չի արձանագրվել: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 95,7 % (2010թ.`  95,1%): Չեն բացահայտվել 2011թ. կատարված սպանության 5 դեպքերից 2-ը:

 

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 2011թ. դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել նախապատրաստված 436 նյութերի օրինականության նկատմամբ, որից 122-ը նախապատրաստվել են նախաքննության մարմնի, 314-ը հետաքննության մարմինների կողմից: Նախապատրաստված  նյութերից  370-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, այդ թվում` 289-ով` արդարացման հիմքով, 81-ով` ոչ արդարացման հիմքով, 16-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 50-ով հարուցվել է քրեական գործ:

 

2011թ. դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության մարմնի կողմից քննված 54 քրեական գործերի օրինականության նկատմամբ: Ստուգվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին 14 որոշման օրինականությունը, որից 5-ը կարճվել է արդարացման հիմքով, իսկ 9-ը` ոչ արդարացման հիմքով, ինչպես նաև քրեական գործերի վարույթը կասեցնելու մասին 3 որոշումների օրինականությունը, որոնք կասեցվել են հանցագործություն կատարած անձի հայտնի չլինելու հիմքով: Քննված քրեական գործերից 4-ը ուղարկվել են ըստ ենթակայության, 1-ը միացվել է, 30 քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ 2 քրեական գործի վարույթ մնացել է անավարտ:

 

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում դատարանում մեղադրանք է պաշտպանվել 22 քրեական գործով, որի արդյունքում 20 քրեական գործով 24 անձ, այդ թվում` 3 կին, 4 նախկինում դատված,  դատապարտվել են, որից 12-ը` ազատազրկման (այդ թվում` 2 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 10-ը` տուգանքի, իսկ 2 քրեական գործի վարույթը 2 անձի նկատմամբ կարճվել է` տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով: Քրեական գործերով ֆիզիկական անձանց  հանցագործությամբ պատճառված նյութական վնասի չափը կազմել է 6 մլն 341 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլլար, որից դատական քննությունն ավարտված քրեական գործերով վերականգնվել է 5 մլն 685 հազար դրամը:

 

2011թ. ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված դատախազական ներգործության միջոցների և ձեռնարկված համապատասխան  միջոցառումների արդյունքում զգալի նվազում է արձանարվել այդպիսի  հանցագործությունների շարժընթացում:

 

Այսպիսով, 2011թվականի ընթացքում հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները   նվազել  են  56 դեպքով կամ 24,5%-ով  (2011թ.`173, 2010թ.` 229 դեպք): Մասնավորապես, 3 դեպքով նվազել են պետական կամ հանրային գույքի հափշտակությունները (2011թ.` 28, 2010թ.` 31 դեպք), այդ թվում` 5 դեպքով նվազել են պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2011թ.`16, 2010թ.` 21 դեպք): Անձնական գույքի հափշտակության դեպքերը նվազել են 53-ով կամ 26,7 %-ով  (2011թ.`145, 2010թ.` 198 դեպք): Մասնավորապես, 1 դեպքով նվազել են ավազակության դեպքերը (2011թ.` 2, 2010թ.` 3 դեպք), անձնական գույքի գողության դեպքերը նվազել են 24-ով կամ 17,5%-ով  (2011թ.` 113, 2010թ.` 137 դեպք), սակայն, այդ թվում 4 դեպքով ավելացել են բնակարանային գողությունները (2011թ.` 38, 2010թ.` 34 դեպք): 1 դեպքով նվազել են անձնական գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2011թ.` 10, 2010թ.` 11 դեպք), 6-ով նվազել են առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ այլ տրանսպորտային միջոցին ապօրինաբար տիրանալու դեպքերը (2011թ.` 2, 2010թ.` 8 դեպք): Նվազել են նաև սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ (2011թ.` 4, 2010թ.` 9 դեպք):

 

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 84,2 % (2010թ.` 84,4 %): Չեն բացահայտվել  պետական գույքի գողության 7 դեպքերից 2-ը, անձնական գույքի գողության 113 դեպքերից`  22-ը, այդ թվում` 38 բնակարանային գողությաններից 6-ը, անձնական գույքի յուրացման կամ վատնման 11 դեպքից 1-ը,  սեփականության  դեմ  ուղղված  այլ  հանցագործությունների  4 դեպքից 1-ը (անձնական գույքի վնասում):

 

2011 թվականին արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 12 դեպք` նախորդ տարում գրանցված ցուցանիշի համեմատությամբ նվազելով 5 դեպքով (2010թ.` 17 դեպք):   Գրանցվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 1 դեպք (2010թ.` 2 ), հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու` 2 դեպք (2010թ.` 6): Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, մաքսանենգության դեպքեր չեն արձանագրվել:

 

Այս ցուցանիշներին զուգահեռ` 2011վթվականին  գրանցվել է ակցիզային  դրոշմանիշների  ապօրինի շրջանառության 2 դեպք (2010թ.` 0), ինչը օպերատիվ և քննչական մարմինների, այդպիսի հանցագործությունների հայտնաբերման  ուղղությամբ  ձեռնարկած միջոցառումների արդյունք է:

 

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցա•ործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 90% (2010թ.` 100%): Այդպիսի հանցագործությունների գրանցված 12  դեպքից չի բացահայտվել 1-ը (Կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը):

 

2011 թվականի ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ընթացքավորված 354 նյութերի օրինականության նկատմամբ,  որից 179-ը նախապատրաստվել են նախաքննության, իսկ 175-ը` հետաքննության մարմինների կողմից: Ընթացքավորված 354 նյութերից 174-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, այդ թվում` 137-ով արդարացման հիմքով, 37-ով` ոչ արդարացման հիմքով, 16-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 164-ով հարուցվել է քրեական գործ:

 

Դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության մարմնի կողմից քննված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 214 քրեական գործերի օրինականության նկատմամբ: Ստուգվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին 38 որոշումների օրինականությունը, որից 3-ը կարճվել է արդարացման հիմքով, իսկ 35-ը` ոչ արդարացման հիմքով, ստուգվել է նաև քրեական գործերի վարույթը կասեցնելու մասին 42 որոշումների օրինականությունը, որոնցից 37-ը կասեցվել է հանցագործություն կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, իսկ 5-ը` մեղադրյալի քննությունից թաքնվելու կամ գտնվելու վայրն այլ կերպ պարզված չլինելու հիմքով: Քննված քրեական գործերից 19-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 43-ը միացվել է, 65 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ 7 քրեական գործի վարույթ մնացել է անավարտ:

 

Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 2011թ. ընթացքում դատարանում մեղադրանք է պաշտպանվել  64 քրեական գործով 96 անձի, այդ թվում` 4 անչափահասի, 8 նախկինում դատվածի նկատմամբ, որից 76-ը  դատապարտվել են ազատազրկման (այդ թվում` 26 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 16-ը` տուգանքի, 4 անձ ազատվել է պատժից` 30.08.2011թ. ընդունված համաներման ակտի կիրառման հիմքով: Դատարան ներկայացրած 2 միջնորդությունների  հիման վրա 2 անձի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

 

Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցգործությունների վերաբերյալ դատական քննությունն ավարտված քրեական գործերով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված 91 մլն 883 հազար դրամը, որից պետական գույքին պատճառված վնասի վերականգնման չափը կազմել է 1 մլն 952 հազար դրամ, իրավաբանական անձանց գույքային շահերին հասցված գումարի վերականգնման չափը` 84 մլն 443 հազար, ֆիզիկական անձանց գույքին պատճառված վնասի վերականգնման չափը կազմել է 5 մլն 498 հազար դրամ: Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով վերականգնվել է 33 մլն 766 հազար դրամ, իսկ մերժված նյութերով` 4 մլն 239 հազար դրամ:

 

2011 թվականին հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 6 դեպքով (2011թ.` 79, 2010թ.` 85 դեպք):  2011թ. 8-ով նվազել են ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով մահ պատճառելու դեպքերը (2011թ.` 4, 2010թ.` 12 դեպք), ինչը վկայում է այդ ուղղությամբ իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության մասին: Հանրապետության տարածքում նկատելիորեն`  13-ով, նվազել են խուլիգանության դեպքերը  (2011թ.`15, 2010թ.` 28 դեպք), սակայն այդ թվում 2 դեպքով աճել են զենքի գործադրմամբ կատարվող խուլիգանության դեպքերը (2011թ.` 3, 2010թ.` 1 դեպք): 6 դեպքով ավելացել են ապօրինի կերպով  հրազեն, ռազմամթերք պահելու դեպքերը (2011թ.`23, 2010թ.` 17 դեպք): 7 դեպքով աճի միտում է արձանագրվել թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների շարժընթացում (2011թ.` 28, 2010թ.` 21 դեպք), ընդ որում 4-ական դեպքով աճել են առանց իրացման նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման դեպքերը (2011թ.`23, 2010թ.` 19 դեպք) և իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը (2011թ.` 5, 2010թ.` 1 դեպք):        

 

Հաշվի առնելով, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև զենքի և ռազմամթերքի ապօրինի պահման վերաբերյալ հանցագործությունները կարող են վեր հանվել  օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, ուստի պետք է նշել, որ նման հանցագործությունների բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական, քննչական և դատախազական ներգործության գործուն միջոցները  տվել են իրենց  արդյունքները:

 

Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 97,4 %(2010թ.`  98,7%): Չեն բացահայտվել ապօրինի զենք կամ ռազմամթերք պահելու 23 դեպքերից 2-ը:

 

Ընդհանուր բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել ընթացքավորված 382 նյութերով, որից 120-ը նախապատրաստվել է նախաքննության, իսկ 262-ը` հետաքննության մարմինների կողմից: Ստուգվել է ընթացքավորված 275 նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների օրինականությունը, որից 238-ը մերժվել է արդարացման հիմքով, 37-ը` ոչ արդարացման հիմքով, նախապատրաստված նյութերից 21-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 86-ով հարուցվել է քրեական գործ: 

 

2011թ. ընթացքում դատախազական հսկողության ներքո գտնվող ընդհանուր բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննված 99 քրեական գործերից 81-ի նախաքննությունն ավարտվել է, որից 19-ի վարույթը կարճվել է, այդ թվում 10-ը` արդարացման, իսկ 9-ը` ոչ արդարացման հիմքով: Քննված քրեական գործերից 62-ը 71 անձի նկատմամբ` մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 7 քրեական գործերի վարույթը կասեցվել է, 3 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 5-ը միացվել է, իսկ 3-ը մնացել է անավարտ:

 

Հաշվետու ժամանակահատվածում դատարանում  մեղադրանք է պաշտպանվել  ընդհանուր բնույթի 59 քրեական գործերով` 65 անձի նկատմամբ /այդ թվում` 2 կին, 4 նախկինում դատված/, որոնցից 43-ը դատապարտվել են ազատազրկման (այդ թվում` 27-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 2-ը` կալանքի, 17-ը` տուգանքի, իսկ 3 անձի նկատմամբ կիրառվել է  30.08.2011թ. ընդունված համաներման ակտը: Ընդհանուր բնույթի հանցագործությունների վերաբերյալ դատական քննությունն ավարտված քրեական  գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլն 171 հազար դրամ վնասը:

 

2011թվականին  պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակի զգալի նվազում է արձանագրվել (2011թ.` 41, 2010թ.` 66 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված  հանցագործությունները նվազել են 25 դեպքով կամ 37,9%-ով: Զգալիորեն նվազել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքերը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 13 դեպքով կամ 76,5%-ով  (2011թ.` 4, 2010թ.` 17 դեպք): Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ  հանցատեսակների շարժընթացում 21 դեպքով ևս նվազում է արձանագրվել:

 

 Դրան զուգահեռ, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված առանձին տեսակի հանցագործությունների շարժընթացում աճի միտում է նկատվել, մասնավորապես 8 դեպքով ավելացել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը (2011թ.` 11, 2010թ.` 3 դեպք): Արձանագրվել է կաշառք ստանալու 1 դեպք, (2010թ.` 0 ):

 

Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100 %:

 

2011 թվականին որոշակի աշխատանքներ են կատարվել կոռուպցիոն հանցագործությունների գործերով քննության որակի բարելավման ուղղությամբ: 

 

Նույն ժամանակահատվածում դատախազական հսկողություն է իրականացվել  կոռուպցիոն բնույթի 38 նյութերի ընթացքավորման օրինականության նկատմամբ, որից 29-ը նախապատրաստվել են նախաքննության, իսկ 9-ը հետաքննության մարմինների կողմից: Այդ ընթացքում ստուգվել են կոռուպցիոն բնույթի 17 նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու  մասին որոշումների օրինականությունը, որից 16 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է արդարացման հիմքով, 1-ը`  ոչ արդարացման հիմքով: Նախապատրաստված նյութերից 3-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 18-ով հարուցվել է քրեական գործ:

 

Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է  իրականացվել հաշվետու ժամանակահատվածում քննվող 25 կոռուպցիոն բնույթի քրեական գործերի օրինականության նկատմամբ, որից 11 քրեական գործի վարույթ կարճվել է, այդ թվում 5-ը` արդարացման հիմքով, 6-ը` ոչ արդարացման հիմքով, 1 քրեական գործի վարույթ կասեցվել է, 1 քրեական գործ միացվել է, 7-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ 5 քրեական գործի վարույթ մնացել է անավարտ:

 

Դատարանում հաշվետու ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 6 քրեական գործ` 7 պաշտոնատար անձի  նկատմամբ (ադ թվում` 3 կին),  որից 3-ը դատապարտվել են ազատազրկման (այդ թվում` 2 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 4-ը` տուգանքի: 2 անձի նկատմամբ կիրառվել է նաև լրացուցիչ պատիժ:

 

Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ դատախազության կողմից դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության (450 նյութ) և հետաքննության (759 նյութ) մարմինների կողմից ընթացքավորված 1209 նյութերի օրինականության նկատմամբ, որից 55-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 836-ը մերժվել է,  318-ով հարուցվել է քրեական գործ:

 

Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացվել 392 քրեական գործերի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, որից 318-ը հարուցվել է 2011թ., այդ թվում` 17-ը դատախազության կողմից,  23-ը փոխանցվել է 2010 թվականից, 51-ը ընդունվել է վարույթ նախկինում կասեցված, այլ մարմիններից ստացված կամ դատախազի կողմից լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործերից:

 

Քրեական գործերի քննության ընթացքում ձերբակալվել է 128  անձ, քննիչների կողմից դատարան են ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 95 միջնորդություն, որից բավարարվել է 93-ը, բնակարանի  խուզարկություն կատարելու մասին 25  միջնորդություն, որոնք բավարարվել են:

 

Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է 17 իրավախախտման դեպք, որոնց կապակցությամբ իրավախախտման փաստով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ներկայացվել է  6 միջնորդություն, ինչի արդյունքում ոստիկանության 4 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժի: Քրեական գործերի և նյութերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում հանցագործություն ծնող պատճառների և դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման հանձնարարականով` թվով 15 միջնորդագրեր և հաղորդումներ են ներկայացվել պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններ:

 

Դատախազության գործունեության կազմակերպման, ինչպես նաև քրեական գործերով դատավարական ղեկավարման ընթացքում առավել կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ 2011 թվականին ԼՂՀ դատախազությունում անցկացվել են թվով 70 օպերատիվ խորհրդակցություններ:

 

ԼՂՀ Գլխավոր դատախազի  թիվ 11 առ 31.03.2011թ. և ԼՂՀ  ԿԱ ոստիկանության պետի թիվ 1-Ն համատեղ հրամանի համաձայն` ստեղծվել է համապատասխան հանձնաժողով և ԼՂՀ դատախազությունում գտնվող` նախկին տարիներին կասեցված թվով 263 քրեական գործերը փոխանցվել են ԼՂՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչություն:

 

 2011թ. մայիսի 23-ին <ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> ՀՀ թիվ ՀՕ-143 օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ քրեական գործերի վերանայման և արարքների համապատասխանեցման վերաբերյալ դատախազների մասնակցությամբ դատարաններում վերանայվել են  66 դատական ակտեր` 87 անձի նկատմամբ, այդ թվում 63 դատական ակտ 83 անձի նկատմամբ` սեփականության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով, իսկ 3 դատական ակտ` 4 անձի նկատմամբ մարդու դեմ և ընդհանուր բնույթի հանցագործությունների վերաբերյալ  գործերով: Դատական ակտերի վերանայման արդյունքներով 30 անձի նկատմամբ նշանակված պատիժները թողնվել են անփոփոխ, 57 անձի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխվել և մեղմացվել է, ընդ որում 4 անձ անհապաղ ազատվել է դատարանի դահլիճից:

 

2011 թվականի դեկտեմբեր ամսում դատախազությունում ամփոփվել է <ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի  կապակցությամբ  համաներում  հայտարարելու  մասին>  ԼՂՀ  Ազգային Ժողովի  թիվ Ն-0135-6 առ 30.08.2011թ. որոշման կիրառմամբ 2011թ. օգոստոսի 30-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 01-ն ընկած ժամանակահատվածում քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործերի վարույթը կարճելու և պատժի կրումից ազատելու պրակտիկան: Համաներման ակտը կիրառվել է 210 անձի նկատմամբ, որոնցից 124-ը կատարել էին կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ, իսկ 76-ը` մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործություններ: Համաներման ակտի կիրառման արդյունքում 18 անձ ազատվել են քրեական պատասխանատվությունից քրեական գործի հարուցման, նախաքննության և դատաքննության փուլում: Դատարանում` մինչև դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելը պատժի կրումից ազատվել են 12 անձ: Ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված (տուգանք, հանրային աշխատանքներ) և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկրող 145 անձ,  ինչպես նաև ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրող 35 անձ ազատվել են պատժի հետագա կրումից:

 

2011թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառում ԼՂՀ դատախազության կողմից պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում և այլ մարմիններում կատարվել  են  66  (2010թ. 67) ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են 487 իրավախախտումներ: Հայտնաբերված իրավախախտումների, դրանք ծնող  պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների վերացման պահանջով թվով  25 հաղորդումներ ու միջնորդագրեր  են ուղարկվել համապատասխան մարմիններ:

 

Կատարված ստուգումների արդյունքում  պետության շահերին հասցված վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 1067 անձ  (2010թ.` 85 անձ), ինչի հիման վրա պետբյուջե  է վերականգնվել  203 մլն  550 հազար դրամ (2010թ.` 9 մլն 171 հազար  դրամ):

 

Պետության շահերի պաշտպանության բնագավառում քաղաքացիական դատավարության կարգով դատարան է հարուցվել 39 հայց`  պետությանը պատճառված 38 մլն. 911 հազար  դրամ վնասի  բռնագանձման պահանջով, որից  պետությանը հասցված  9  մլն 400 հազար  դրամ վնասի  վերականգնման  պահանջով 9 հայց գտնվում է դատաքննության փուլում, 9 մլն 092 հազար դրամ վնասի վերականգնման պահանջով  հայցերը  մերժվել են` հայցային վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով, 18 մլն 276 հազար դրամ բռնագանձելու մասին հայցապահանջները լրիվությամբ բավարարվել են, իսկ 2 մլն 142 հազար դրամ բռնագանձելու մասին  հայցերը  կարճվել են`  պատասխանողների կողմից նշյալ գումարի վերականգնման հիմքով:

 

Պետական շահերի պաշտպանության ոլորտում նախապատրաստված նյութերով հարուցվել է 2 քրեական գործ, պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 23 մլն 590 հազար  դրամ, որից 12 մլն 606 հազար դրամը վերականգնվել է մինչդատական վարույթի ընթացքում:

 

Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի <Պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին> 16.06.2009թ. հրամանագրի` ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայության կողմից ԼՂՀ Գլխավոր դատախազություն է ուղարկվել 7 հայցադիմումի և դրանց հիման վրա կայացված 3 վճիռների պատճենները: Ներկայացված 7 հայցերից` 1 մլրդ 829 մլն 637 հազար դրամ բռնագանձման պահանջով, դատարանում քննվել են 3-ը` 428 մլն 545 հազար դրամ բռնագանձելու պահանջով, որոնք լրիվությամբ բավարարվել են, մնացած 4-ով` 1 մլդ 401 մլն 092 հազար  դրամ հայցապահանջով գործերը դատարանում գտնվում են քննության ընթացքում: Նշված գործընթացի վերահսկման արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել:

 

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում  ԼՂՀ  դատախազությունը  2011թ. ևս օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում համապատասխան աշխատանքներ է կատարել  ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում` օրինականության պահպանման ընդհանուր վիճակի, պատիժների կատարման, ինչպես նաև դատապարտյալների, ձերբակալված ու կալանավորված անձանց իրավունքների պահպանման, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման ու  դադարեցման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման ընթացքում օրինականության  ապահովման ուղղությամբ:

 

ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում և քրեակատարողական տեսչություններում 2011թ. ընթացքում կատարվել են թվով 958 ստուգումներ, որից 878-ը` ձերբակալվածներին պահելու վայրերում, 17-ը` քրեակատարողական հիմնարկներում, 41-ը` քրեակատարողական տեսչությունում, այդ թվում 16-ը` տուգանքի վերաբերյալ, 2-ը` հանրային աշխատանքների, 16-ը` պատիժը պայմանականորեն չկրող անձանց վերաբերյալ:

 

2012թ. հունվարի 01-ի դրությամբ ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում պատիժ էին կրում 111 դատապարտյալ (2011թ. հունվարի 01-ի դրությամբ` 157 դատապարտյալ), այդ թվում  38-ը` կիսաբաց ուղղիչ տեղամասում, 42-ը`  կիսափակ ուղղիչ տեղամասում,  31-ը փակ ուղղիչ տեղամասում:

 

Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության  պահպանման ուղղությամբ իրականացված հսկողության ընթացքում  դատախազությունը  մասնակցել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, հարկադիր բուժումը փոխելու կամ դադարեցնելու, տուգանքը հանրային աշխատանքներով փոխելու և այլ գործերով  կայացված թվով 157 դատական նիստերի:

 

2011թ. որոշակի աշխատանքներ են կատարվել դատախազությունում ստացված դիմումների և բողոքների քննարկման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

 

2011թ. ԼՂՀ  դատախազություն  մուտքագրվել է 281 դիմում և բողոք, որոնցից բավարարվել է 70-ը, 35-ը մերժվել է, անանուն 3 դիմումներ թողնվել են անհետևանք, ընթեռնելի չլինելու հիմքով պատասխան չի տրվել 1 դիմումի, 2 դիմումներում առաջադրված հարցերը լուծման ենթակա չեն եղել` դատախազության գործունեությանը միջամտելու պատճառով, 4 դիմումներով թղթակցությունը դադարեցվել է, 119 դիմումի կապակցությամբ տրվել է մանրակրկիտ պարզաբանում, 45 դիմումներ, ընթացքը լուծելու համար, ուղարկվել է այլ մարմիններ, 2 դիմումի ընթացքը մնացել է անավարտ: Ընթացքավորված դիմումներում բարձրացված հարցերի կապակցությամբ տրվել են սպառիչ պատասխաններ, կայացվել են հիմնավոր և օրինական որոշումներ:

 

Նույն ժամանակահատվածում ԼՂՀ դատախազությունում կազմակերպվել է դիմումներով և բողոքներով ընդունելության ներկայացած 160 քաղաքացիների ընդունելություն:

 

Դատախազության գործունեության իրականացման ընթացքում առավել կարևորություն ներկայացնող հարցերով, ստուգումների արդյունքների, հանցագործությունների բացահայտումների և քննվող գործերի վերաբերյալ թվով  49 հրապարակումներ, ելույթներ, հաղորդումներ, հոդվածներ են լուսաբանվել մամուլում, ԼՂՀ դատախազության համացանցային կայքում, հեռուստատեսությամբ և ռադիոյով:

 

Գործող օրենսդրությանը համապատասխան` դատախազությունում մշակվել և գործողության մեջ են դրվել դատախազության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի  55  հրամաններ:

 

Միջազգային-իրավական կապերի բնագավառում 2011թ. ընթացքում ԼՂՀ դատախազությունը ապահովել է ԼՂՀ տարածքում և ԼՂՀ տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց հանձնման հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը: Այդ կապակցությամբ, ԼՂՀ և ՀՀ Գլխավոր դատախազությունների միջև կնքված Հուշագիր-համաձայնագրի համաձայն, նախապատրաստվել են ԼՂՀ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող երեք անձանց հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ընդ որում` մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ, հետախուզվող մեկ անձի հանձնումը բավարարվել է, մեկ հետախուզվողի հանձնման հարցը գտնվում է քննարկման փուլում:  Ապահովվել է ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու համար ՀՀ իրավապահ մարմինների կողմից քրեական պատասխանատվության  ենթարկված 2 անձանց ժամանակավոր հանձնումը ԼՂՀ իրավապահ մարմիններին` անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով: Ապահովվել է  նաև  ԼՂՀ տարածքում հանցագործություն կատարելու համար ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից քրեական պատասխանատվության ենթարկված 2 անձանց ժամանակավոր հանձնումը ՀՀ իրավապահ մարմիններին` անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով:

 

2011թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 60 հանցագործներ և 8 անհայտ կորածներ: Հաշվետու ժամանակաընթացքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող 9 հանցագործներ և 3 անհայտ կորածներ: 2011թ. ընթացքում հետախուզումից հանվել  են 14 հանցագործներ և 1 անհայտ կորած անձ, ընդ որում 11 հանցագործներ և 1 անհայտ կորած` հայտնաբերման հետ կապված, 1 հանցագործի վերաբերյալ կազմված հետախուզական գործը ՀՀ ոստիկանություն փոխանցվելու հիմքով, 2 հանցագործների  հետախուզումը կարճվել է  հետախուզվող հանցագործներից մեկի  մահվան, 1-ի` մեղայականով ներկայանալու պատճառով: Հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ընդհանուր ցուցանիշը 2012թ. հունվարի 01-ի դրությամբ կազմել է 15 տոկոս, մասնավորապես հետախուզվող հանցագործների հայտնաբերման ցուցանիշը` 15,9 տոկոս, իսկ անհայտ կորած անձանց հայտնաբերման ցուցանիշը` 9,1 տոկոս:

 

2012թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 55 հանցագործներ և 10 անհայտ կորածներ: Հարկ է նշել, որ  հետախուզման մեջ գտնվող 55 հանցագործներից 26–ը հետախուզվում են ԼՂՀ ՔՕ 327-րդ  /ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու/, 2-ը ` ԼՂՀ ՔՕ 104-րդ  /սպանություն/, 2-ը` 112-րդ /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/,  1-ը`  176-րդ  /կողոպուտ/,  8-ը` 177-րդ /գողություն/, 7-ը` 178-րդ  /խարդախություն/, 5-ը` 179-րդ  /յուրացում կամ վատնում/, 1-ը` 182-րդ /շորթում/, 1-ը` 235-րդ /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/, 2-ը` 258–րդ /խուլիգանություն/ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:

 

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների ոլորտում 2011թ. դատախազների և քննիչների հերթական և արտահերթ  ատեստավորման համար անց է կացվել ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի թվով 7 նիստ և ատեստավորվել են 13 դատախազա-քննչական աշխատակիցներ, նրանցից  4-ն`  արտահերթ: Ատեստավորվող 13 դատախազներից և քննիչներից 12-ի  նկատմամբ որակավորման հանձնաժողովի կողմից տրվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն, այդ թվում 4-ի նկատմամբ` դատախազների և քննիչների առաջխաղացման ցուցակում ընդգրկելու  վերաբերյալ,  իսկ 1-ի նկատմամբ  տրվել է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու` ավելի ցածր պաշտոնի փոխադրելու  միջնորդությամբ եզրակացություն:

 

Ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից երկու դատախազների, զբաղեցրած պաշտոնից ավելի բարձի պաշտոնի նշանակելու մասին, ԼՂՀ Գլխավոր դատախազի առաջարկությունը  քննարկելու համար անց է կացվել  որակավորման հանձնաժողովի 2 նիստ  և տրվել է դրական եզրակացություն:

 

2011թ. <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխան, թվով 13 դատախազա-քննչական աշխատակիցների  շնորհվել է հերթական դասային աստիճան: Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար, ԼՂՀ դատախազության օրվա կապակցությամբ,  24 դատախազա-քննչական աշխատակիցներ խրախուսվել  են:

 

<Դատախազության մասին>  ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների համաձայն` դատախազների ու քննիչների թեկնածությունների ցուցակի համալրման մրցույթ անցկացնելու կապակցությամբ ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման  հանձնաժողովի կողմից անց է կացվել 1 նիստ: Մասնակցող 5 հավակնորդից հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել 4 -ը, որոնք ընդգրկվել են ԼՂՀ դատախազության դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ու <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` ՀՀ  <Դատախազության դպրոց> ՊՈԱԿ-ում անցել  են ուսումնառություն:

 

Համաձայն <Դատախազության մասին> ԼՂՀ  օրենքի 58-րդ և 32-րդ հոդվածների պահանջների` հաշվետու ժամանակահատվածում որակավորման բարձրացման նպատակով ՀՀ <Դատախազության դպրոց> ՊՈԱԿ-ում իրականացվել է 45 դատախազա-քննչական աշխատակիցների վերապատրաստում,  դատախազների և քննիչների ցուցակում ընդգրկված 4 անձանց մասնագիտական պատրաստում: 

 

Հետևողական աշխատանք է տարվել դատախազների և քննիչների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները պատշաճ իրականացնելու, հնարավոր չարաշահումները բացառելու ուղղությամբ: Այսպես, 2011թ. ընթացքում հարուցվել է 1 կարգապահական վարույթ 1 դատախազի նկատմամբ, որի արդյունքում վերջինս ենթարկվել է  կարգապահական  տույժի:

 

Հաշվետու ժամանակահատվածում  <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ԼՂՀ դատախազության դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 5 անձ ընդունվել է աշխատանքի ԼՂՀ դատախազության համակարգում: Ըստ նույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, իրենց դիմումի համաձայն ԼՂՀ Գլխավոր դատախազության համակարգից ազատվել են  դատախազության 2 աշխատակիցներ: Զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի են նշանակվել 10 աշխատակիցներ: Համապատասխան պաշտոնի է տեղափոխվել 1 աշխատակից, զբաղեցրած պաշտոնից ավելի ցածր  պաշտոնի է նշանակվել  2 աշխատակից:

 

Ներկայումս ԼՂՀ դատախազության համակարգում աշխատում են 49 դատախազա-քննչական աշխատակիցներ, բոլորն ունեն բարձրագույն  իրավաբանական կրթություն:

 

ԼՂՀ դատախազությունը, իր սահմանադրական լիազորությունների իրականացմամբ, միաժամանակ բացահայտելով դատախազական գործունեության կազմակերպման ընթացքում տեղ գտած բացթողումները, 2012 թվականին ևս կձեռնարկի դատախազական ներգործության բոլոր միջոցները` հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի և օրինականության ամրապնդման նպատակով վարվող քաղաքականության  արդյունավետությունն առավելագույնս ապահովելու համար:

 

 

ԼՂՀ   Գլխավոր      դատախազ,

արդարադատության    երկրորդ

դասի պետական խորհրդական                                                         Ա.Ս.Ղարամյան