Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԸՆՏՐՈՂԻ ԱԶԱՏ ԿԱՄՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ ՔՐԵՈՐԵՆ ՀԵՏԱՊՆԴԵԼԻ ԱՐԱՐՔ Է

29.03.2020թ. ԱՀ դատախազության էլեկտրոնային փոստին է ուղարկվել ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի բնակիչ Վ.Ի.-ի դիմումը՝ 31.03.2020թ. նախատեսված ԱՀ համապետական ընտրություններին իր՝ որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը, մի խումբ անձանց կողմից խոչընդոտելու դեպքի վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ հիշյալ դիմումում ներկայացված տեղեկություններն առերևույթ պարունակում են ԱՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ հիշյալ դիմումն անմիջապես ուղարկվել է ԱՀ ոստիկանություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով դրանում նշված փաստարկները ստուգելու համար:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը քրեորեն հետապնդելի արարք է, որի համար ԱՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է պատիժ 3-5 տարի ժամկետով ազատազրկման տեսքով:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: