Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է

Այսօր luyspress.am կայքում տեղեկություն էր հրապարակվել Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի թիվ 7/1 ընտրատեղամասում նույնանուն տեղեկատվական-վերլուծական կենտրոնի լրագրողի նկատմամբ որոշ անձանց կողմից ակնհայտ ագրեսիվ կեցվածք դրսևորելու, բռնություն կիրառելու, մարմնին հարվածելու՝ այդպիսով լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ հիշյալ տեղեկատվությունը առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ԱՀ ոստիկանության կողմից սկսվել է հրապարակմամբ ներկայացված դեպքի հանգամանքների ստուգում:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, որի դեպքում քրեական օրենսդրությամբ նախատեսված է պատիժ 700.000-1000.000 դրամի չափով տուգանքի տեսքով, կամ ազատազրկում՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Եթե հիշյալ արարքը կատարվել է՝
1) գույքին վնաս պատճառելով կամ պատճառելու սպառնալիքով,
2)նյութապես շահագրգռելով,
3) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5) մի խումբ անձանց կողմից՝
6) անձին ազատությունից զրկելով`
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա: