Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՊԱՏԺԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը նախատեսում է ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձին պատժի չկրած մասը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորություն այն դեպքում, եթե քրեակատարողական մարմնի զեկույցի կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում դատարանը հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Քրեական օրենսդրությամբ նախատեսված հիշյալ նորմը հանդիսանում է պատժի կրման ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորած դատապարտյալների՝ պատժի կրումից վաղաժամ ազատվելու լավագույն խրախուսականը:
Հաշվի առնելով քրեաիրավական այս ինստիտուտի կարևորությունն ու նշանակությունը, դատախազությունը ԱՀ Սահմանադրությամբ և <Դատախազության մասին> օրենքով նախատեսված գործիքակազմի կիրառությամբ հսկողություն է իրականացնում նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացի օրինականության նկատմամբ:
ԱՀ գլխավոր դատախազության 2020թ. աշխատանքային ծրագրին համապատասխան` սույն թվականի փետրվար ամսում դատախազության կողմից ուսումնասիրվել և վեր են լուծվել նախորդ տարում ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության կողմից քննարկված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատապարտյալների դիմումները և դրանց քննարկման արդյունքները, որի շրջանակում պարզվել է հետևյալը.
2019թ. ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում (այսուհետ՝ ՔԿՎ ՔԿՀ) 53 անգամ քննարկվել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությամբ դատարանին դիմելու 41 անձի դիմում: Հիշյալ 53 դեպքից 45-ով (85 տոկոս) պատիժն ի կատար ածող մարմնի կողմից որոշում է կայացվել նման միջնորդությամբ դատարանին դիմելու աննպատակահարմարության, իսկ 8-ով՝ դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությամբ դատարանին դիմելու անհրաժեշտության մասին:
ԱՀ ոստիկանության ՔԿՎ ՔԿՀ պետի՝ դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդությամբ դատարանին դիմելու աննպատակահարմարության մասին ընդհանուր 45 որոշումից դատարան է բողոքարկվել 29-ը, որոնց դատական քննության արդյունքում 16 դատապարտյալի բողոք բավարարվել և դատարանի կողմից որոշում է կայացվել դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին:
Այսպիսով՝ 2019թ. ԱՀ ոստիկանության ՔԿՎ ՔԿՀ-ից պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 27 անձ, որից 8-ը՝ քրեակատարողական հիմնարկի միջնորդությամբ, իսկ 19-ը՝ դատապարտյալի բողոքը բավարարելու մասին դատարանի որոշմամբ: