Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏՎԵՑ ԲԱՎԱՐԱՐ

Փետրվարի 16-ին տեղի ունեցավ ԱՀ դատախազության կոլեգիայի նիստ` նվիրված դատախազության մարմինների 2017 թվականի գործունեությանը: Նիստը վարում էր գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

Կոլեգիային մասնակցում էր և ելույթ ունեցավ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը: Հրավիրվել էին նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, գործընկեր կառույցների պատասխանատու ներկայացուցիչներ:

Ըստ օրակարգի` զեկուցումով հանդես եկավ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը բավարար գնահատեց հաշվետու ժամանակաշրջանում դատախազության մարմինների կատարած աշխատանքը: Երկրի ղեկավարը գոհունակություն հայտնեց մի շարք ուղղություններում արձանագրված դրական միտումների առնչությամբ: Նախագահը միևնույն ժամանակ մտահոգիչ համարեց մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների և անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվի աճը: Նա հանձնարարեց  վերլուծություններ կատարել իրավիճակի օբյեկտիվ գնահատման ուղղությամբ և կոնկրետ քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար։ Բ. Սահակյանը վստահություն հայտնեց, որ համակարգի աշխատողներն այսուհետ ևս բարձր պատասխանատվություն կցուցաբերեն իրենց վստահված գործում, իսկ երկրի իշխանություններն էլ կստեղծեն անհրաժեշտ բոլոր պայմանները՝  իրավապահ մարմինների աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։

Հայտարարված կարճատև ընդմիջումից հետո նիստում ելույթ ունեցան ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամայիս Ավագյանը, Սերգեյ Ստեփանյանը և Սևակ Հակոբյանը:

Կոլեգիան ընդունեց որոշում, որը ներկայացրեց գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնի պետ Կարինա Սաֆարյանը:

Նիստն ամփոփելով` գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը դատախազության աշխատակիցներին տվեց համապատասխան հանձնարարականներ: