Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Դատախազների և քննիչների նշանակման կարգը

 

ԼՂՀ Գլխավոր դատախազին, ԼՂՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն, ԼՂՀ Նախագահի առաջարկությամբ, նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը ` 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:

ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:
Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում,  <Դատախազության մասին>  ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն, կարող է նշանակվել այն անձը, ով ունի դատավորի, դատախազի, քննիչի, փաստաբանի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ:

Ստեփանակերտ քաղաքի դատախազին, շրջանների դատախազներին, կայազորների զինվորական դատախազներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը` դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակից:
 
Գլխավոր դատախազության ավագ դատախազներին, Ստեփանակերտ քաղաքի, շրջանների և կայազորների զինվորական դատախազների տեղակալներին, զինվորական դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներին, Ստեփանակերտ քաղաքի, շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը` դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների և քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակից:

Գլխավոր դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության բաժինների կազմում գործող դատախազներին, Ստեփանակերտ քաղաքի, շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը` դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունը, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ  <Դատախազության մասին>  ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել ուսումնառությունից : Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակից: 

Դատախազներին և քննիչներին ներկայացվող ընդհանուր  պահանջներն են.

<Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն`
Դատախազ և քննիչ կարող է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1)    ունի բարձրագույն իրավաբանական կրթություն
2)    տիրապետում է գրական հայերենին

Դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը`
1)    ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ
2)    ով դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
3)    ով ունի դատախազի և քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն  /ցանկը սահմանում է ԼՂՀ կառավարությունը/.
4)    ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
5)    ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով: