Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը կազմելու կարգը

 

Դատախազների և քննիչների ցուցակը, <Դատախազության մասին>  ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն, կազմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը:

Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակը համալրվում է առնվազն երեք տարին մեկ անգամ գլխավոր դատախազի կողմից սահմանված կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ, դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար, տարվա ընթացքում կարող է անցկացվել նաև հավակնորդների լրացուցիչ ստուգում:
Որակավորման հանձնաժողովը դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունման մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն:

Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն  հավակնող անձը պարտավոր է ներկայացնել`
1)    անձը հաստատող փաստաթուղթ,
2)    բարձրագույն իրավաբանական կրթությունը հաստատող փաստաթուղթ,
3)    հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ  /այդ թվում` պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները /,
4)    արական սեռի հավակնորդներին` պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ,
5)    դատախազի և քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ:
 Հայտատուն  իրավունք ունի ներկայացնելու նաև երաշխավորագիր-նամակներ:

Դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակի համալրման համար մրցույթի  նախապատրաստական աշխատանքներն  իրականացնում է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով  բաժինը՝ Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության Գլխավոր դատախազության աշխատակազմի  աջակցությամբ: Որակավորման հանձնաժողովը ԼՂՀ գլխավոր դատախազության կազմակերպա-վերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով  բաժնից ստանում է դատախազների և քննիչների ցուցակի համալրման նպատակով մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների վերը նշված փաստաթղթերը:
Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունումը  մեժելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել մերժումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:  Որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և դատախազների ու քննիչների թեկնածությունների ցուցակի կազմման ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչելու դեպքում հայտատուի հայտը ենթակա է քննարկման որակավորման հանձնաժողովի կողմից:
Հայտատուի ներկայացրած փաստաթղթերի ճշտությունը, ամբողջությունը ստուգելուց հետո որակավորման հանձնաժողովը կայացնում է որոշում` դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չթույլատրելու մասին:
Մրցույթն անցկացվում է բաց  հարցազրույցի միջոցով:
Յուրաքանչյուր դիմորդի հարցազրույցից անմիջապես հետո որակավորման հանձնաժողովը բաց քվեարկությամբ կայացնում է համապատասխան որոշում: Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին` <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքով սահմանված կարգով դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկելու համար:
Դատախազների և քննիչների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի կողմից սահմանված կարգով ուսումնառության ծրագիր է անցնում և հանձնում որակավորման քննություն: Որակավորման քննություն չհանձնած անձը հանվում է դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակից:

Անձն ազատվում է ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց, եթե`
1)    ունի դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում կամ փաստաբանի  երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պաշտոնը թողնելուց հետո հինգ տարի.
2)    իրավաբանական գիտությունների դոկտոր է.
3)    իրավաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի հինգ տարվա ստաժ: