Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատախազության օրվա առթիվ:

Պատասխանատվությունն ու արհեստավարժությունը, սկզբունքայնությունն ու նվիրվածությունը ձեր գործին եւ հայրենիքին հանդիսանում են ձեր ամենօրյա բարդ ու դժվարին ծառայության անբաժանելի մասը եւ օգնում են ձեզ արդյունավետորեն կատարելու ձեր պարտականությունները պետության ու հասարակության շահերի պաշտպանության, օրինականության պահպանման, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպման ուղղությամբ:

Ձեր հետեւողական ու անաչառ աշխատանքը պահանջված է մեր պետության ու ժողովրդի համար՝ որպես երկրի բնականոն կենսագործունեության ապահովման կարեւոր ուղղություններից մեկը: Այն գտնվում է իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն համակարգի աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման նպատակով:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր ծառայության մեջ: