Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՎԱՐՏՎեԼ Է ԵՆԹԱԴՐՅԱԼ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

22.08.2018թ. ԱՀ գլխավոր դատախազություն էր մուտքագրվել Մարտունու շրջանի վարչակազմից ստացված հաղորդումը՝ 2016-2018թթ. «Տիգրանակերտ» ՓԲԸ (մատակարար) և Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ու «Վարանդաշին» ՓԲԸ (պատվիրատուներ) միջև կնքված պայմանագրերի հիման վրա ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքին շինաքար մատակարարելու գործընթացում թույլ տրված իրավախախտումների, մասնավորապես, շինաքարի քանակական պակասորդի վերաբերյալ:

Քրեական վարույթը դիտարկելով որպես ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ հաղորդումների քննության միակ օրինական և իրավական եղանակ, իսկ մինչդատական քրեական վարույթ ապահովելը՝ որպես պետության պոզիտիվ պարտականություն, 29.08.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել  ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին՝ դրա հիմքում դնելով շինաքարի ձեռքբերման գործընթացում պատվիրատուի ներկայացուցիչների անփութության և մատակարար կազմակերպության աշխատողների կողմից ենթադրյալ հափշտակության մասին փաստական տվյալները:

Նկատի ունենալով, որ Մարտունու շրջանից բացի 2016-2018թթ.-ին ճանապարհների բարեկարգման աշխատանքներ կատարվել էին նաև այլ շրջաններում, ուստի պետական շահերի պաշտպանության նկատառումներով ԱՀ դատախազության կողմից ստուգումներ են կազմակերպվել նաև մյուս համայնքներում, որի արդյունքներով հարուցվել են թվով 17 քրեական գործեր և նախաքննության կատարման համար ուղարկվել ԱՀ ոստիկանության քննչական վարչություն:

Հիշյալ քրեական գործերով տարված նախաքննության շրջանակում նախաքննական մարմնի կողմից ապահովվել է լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն, որպես քրեական հետապնդման մարմին՝ դատախազությունը և նախաքննություն իրականացնող քննչական խումբը առաջ են քաշել ենթադրյալ հանցագործությունների կատարման բոլոր հնարավոր վարկածները և դրանք ենթարկել մանրակրկիտ ստուգման: Նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա նախաքննական մարմնի կողմից 22.04.2019թ. որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ «Տիգրանակերտ» ՓԲԸ ընկերության գործադիր մարմնի ծառայողների, շինաքարերի մատակարարման գործընթացի մասնակիցների և պատվիրատուի ներկայացուցիչների արարքում արձանագրելով հափշտակության, պաշտոնեական կեղծիքի և պաշտոնեական անփութության հանցակազմերի բացակայությունը: Քրեական գործով ոչ հանցավոր են ճանաչվել նաև ճանապարհների բարեկարգման նպատակով համայնքներին հատկացված շինաքարերը համայնքի բնակիչների կողմից օգտագործելու դեպքերը:

Քրեական գործի մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, սակայն, որ մատակարարը ոչ պատշաճ է պահպանել շինաքարի մատակարարման գործընթացն ուղեկցող քաղաքացիաիրավական պայմանագրերով նախատեսված շինաքարի՝ որպես պայմանագրի առարկային վերաբերող տեխնիկական բնութագրիչները, իսկ պատվիրատուի ներկայացուցիչները ոչ պատշաճ էին կատարել պայմանագրով նախատեսված իրենց լիազորություններն ու պետության խախտված գույքային շահի պաշտպանության պայմանագրային պարտականությունները, որի հետևանքով պետությունը կրել էր գույքային վնաս:

Նշված հետևանքները վերացնելու և այսուհետ կանխելու նպատակով` ԱՀ գլխավոր դատախազության կողմից գրավոր միջնորդագիր է ներկայացվել պետական իրավասու մարմնին, որից հետո գործարքային փոխհարաբերությունների կողմ հանդիսացող մատակարար կազմակերպության և պետական լիազոր մարմնի միջև գրավոր համաձայնագիր է կնքվել նախկին գործարքների ոչ պատշաճ կատարման հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու շուրջ: