Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ


Բացելով հանդիպումը` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորել է հանդիպումները պետական մարմինների ներկայացուցիչների հետ` ընդգծելով դրանց նշանակությունը հատկապես ապագա իրավաբանների համար:

«Հաշվի առնելով նախորդ տարվա հանդիպման արձագանքները` հանդիպումը պահանջված կարելի է համարել, իսկ եթե նաև պատճառն ու նպատակը, ապա` խիստ անհրաժեշտ»,- նշել է ռեկտորը:

Ա. Մոսիյանը դասախոսություն-քննարկումը բացեց կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա նախապատմությամբ, ապա անդրադարձավ հանրապետության կոռուպցիոն երևույթների և ռիսկերի մակարդակին, դրանց վերահսկման մեխանիզմներին:

Նրա խոսքով, կախված այն բանից, թե որքան հետևողական է պայքարը կոռուպցիոն երևույթների դեմ, այնքան մեծ է պետության և հասարակության բարոյաիրավաբանական հարաբերությունների հաշվեկշիռը:

Գլխավոր դատախազը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վիճակագրական տվյալներ ներկայացրեց ըստ տարիների, ըստ հոդվածների, ըստ համակարգերի և ոլորտների` ընդգծելով հատկապես հանցագործություն-բացահայտում հարաբերակցությունը և այդ գործում քաղաքացիական հասարակության դերակատարությունը:

«Վաղուց ժամանակն է, որ հասարակական գիտակցությունը զուգորդվի իրավապահ մարմինների գործառույթներին: Հասարակության ներգրավվածությունը օր առաջ կբերի հանցագործությունների, այդ թվում կոռուպցիոն ռիսկերի մակարդակի նվազեցմանը»,- ասում է գլխավոր դատախազը:

Ծավալված քննարկման ընթացքում հնչած հարցին, թե արդյոք բավարար է հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը, Ա. Մոսիյանը պատասխանել է. «Ասել, թե բավարար է, նշանակում է ասել, թե այլևս անելիք չկա: Ճիշտ կլինի ասել` արդյունավետ է, բայց ոչ բավարար»: